
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Եգիպտոսում բռնության դադարեցման պլան մշակել

Բռնության դադարեցումն ու հետագա զոհերի կանխումը պետք է Եգիպտոսի համար գերակայություն լինի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա կոչ է արել փողոց դուրս եկող մարդկանց առավելագույնս զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաեւ դիմել է Եգիպտոսի իշխանություններին ` բռնությունների դադարեցման եւ քաղաքական գործընթացի վերականգնման «հուսալի պլան» ընդունելու պահանջով: Նա վճռականորեն դատապարտել է եւ անընդունելի է համարել հարձակումները եկեղեցիների, հիվանդանոցների եւ հանրային այլ հաստատությունների վրա:
Հաջորդ շաբաթ Մերձավոր Արեւելք կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, ով կլինի նաեւ Եգիպտոսում, որտեղ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 700, վիրավորվել մոտ 4000 մարդ: