Տոկիոյում երեխաներին թույլատրել են վազվզել ու աղմկել թանգարանում (լուսանկարներ)
Տոկիոյի ժամանակակից արվեստների թանգարանում բացվել է ինտերակտիվ ցուցադրություն, որը հիշեցնում է ուրվականներով լի տուն: Ցուցադրությունը կոչվում է «Ուրվականներ, կիսավարտիք և աստղեր» («Ghosts, Underpants and Stars»), որովհետև, կազմակերպիչների խոսքով, հենց այս երեք բառերն են բնութագրում երեխաներին:
Հոգնելով երեխաներին թանգարանային վարվեցողության կաննոներ սովորեցնելուց` կազմակերպիչներն ստեղծել են թանգարան, որտեղ երեխան կարող է անել այն, ինչ ընդունված չէ իրական թանգարանում` վազել, գոռալ, աղմկել, ձեռքով դիպչել նմուշներին և անգամ մագլցել դրանց վրա: Ցուցադրված նմուշներից շատերը «սև անցքեր» ունեն, կիրճեր, որտեղ կարելի է մտնել, թաքնվել դրանց հետևում: Երեխաները հնարավորություն ունեն նաև փոխել նմուշների արտաքին տեսքը. օրինակ, հանել Մոնա Լիզայի աչքերը, մատիտով բեղեր նկարել նմուշների վրա և այլն: