
Մարտունիում, ջուր չլինելու պատճառով, հրաժարվում են վարելահողից

Գեղարքունիքի մարզի 14.000 բնակիչ ունեցող Մարտունի քաղաքի բնակչության 40 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, 20 տոկոսը` առևտրով:
Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը, աշխատատեղ չլինելու պատճառով` բարձրագույն կրթությամբ շատ մասանագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից:
Գործազուրկների 51%-ը կանայք են: Արտադրական ձեռնարկությունների և գյուղատնտեսական ոլորտի կազմալուծման պատճառով քաղաքում առկա է բնակչության տեղաշարժ` հիմնականում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ:
Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն` ավելի քան 1200 մարդ գտնվում է Մարտունի քաղաքի վարչական սահմաններից դուրս:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերից «Օդանավակայան» կոչվող տարածքում գտնվող 150 հա վարելահողերից՝ 12 հա վարելահողից քաղաքացիները կամովին հրաժարվել են, իսկ մնացած մասը չի մշակվում՝ ջուր չլինելու պատճառով:
Հեռավորության և տնտեսապես ոչ ձեռնտու լինելու պատճառով` մինչև 2008թ. նոյեմբերը համայնքի բնակիչները հրաժարվել են 170 հա անջրդի վարելահողից և 25 հա խոտհարքից, մնացած սեփականատերերը, ճիշտ է, չեն հրաժարվել, սակայն չեն էլ կարող մշակել: