Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնմանը մասնակցում են նաև արվեստագետները
Արդեն մեկ տարուց ավել է, ինչ վերսկվել են Լոռու մարզի Օձուն համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Աշխատանքները սկսել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ տարածքում պահպանելու և վերականգնելու պատմամշակութային հուշարձանները` եկեղեցիները, մատուռները, հուշարձանները և մահարձան կոթողները, խաչքարերը, կամուրջները, ամրոցները և աղբյուրները: Վերականգնման գործընթացին օժանդակելու համար նկարիչների միության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև այս տարվա ապրիլի 4-ին վավերացված համաձայնագրի համաձայն` նկարիչները գեղանկարներ և այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին` դրանց վաճառքը կազմակերպելու և հասույթը, հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ մշակութային արժեքների վերականգնմանն ուղղելու համար:
Հիմնադրամին աշխատանքներ են նվիրաբերել գեղանկարիչներ Փափագ Ալոյանը, Անատոլի Ավետյանը, Հայկուհի Ավագյանը, Վազգեն Բադալյանը, Կարինե Գլոյանը, Սամվել Խառատյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռոբերտ Հեքիմյանը, Վազգեն Ղաբուզյանը, Արա Ղևոնդյանը, Արմեն Միկոյանը, Արտակ Մկրտչյանը, Արամ Նազարյանը, Ռաֆայել Ջավախյանը, Արմեն Վահրամյանը, Հենրիկ և Սարգիս Գարուկյան եղբայրները:
Լուսանկարը` Վահե Աղամյանի