
Կիևում ցուցարարները Ռուսաստանի դեսպանատան առջև այրել են ռուսական շոկոլադ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան առջև անցացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների ներկրումն արգելափակելու: Ակցիան կազմակերպել են ուկրաինական «Նաստուպ» կոմիտեի ակտիվիստները:
Ակցիայի մասնակիցներն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ են արել արձագանքել Ռուսաստանի գործողություններին և արգելել ռուսական արտադրանքի ներկրումը: Ակցիայի ժամանակ ցուցադրաբար այրել են ռուսական մի շարք արտադրատեսակներ և մասնավորապես թեյ ու շոկոլադ:
Դրանց այրված մնացորդները դրվել են դեսպանատան մուտքի մոտ: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև «Ձեռքերդ հեռու Ուկրաինայից» և «Ոչ տնտեսական ահաբեկչությանը» գրություններով դրոշներ ու պաստառներ: