
Ռուսաստանը փաստացիորեն կասեցրել է Ուկրաինայից ողջ ներկրումը

Новый Регион2-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ ՌԴ մաքսային ծառայությունը փաստացիորեն կասեցրել է ուկրաինական ողջ արտահանումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի Գործատուների ֆեդերացիան դիմել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի օգնությանը՝ հնարավորինս արագ միջակառավարական մակարդակով լուծել խնդիրը, որին սկսել են բախվել ուկրաինական արտահանող ձեռնարկությունները:
Ուկրաինայի Գործատուների ֆեդերացիան ընդգծել է, որ պատժամիջոցները չեն ավարտվում միայն Roshen ընկերությունով: Ուկրաինացի արտահանողները Ռուսաստանի մաքսային վերահսկողությունն անցնելիս խնդիրների են սկսել բախվել դեռևս հուլիսի երրորդ տասնօրյակից:
Այժմ Ռուսաստանի մաքսային ծառայությունը, առանց որևէ բացառություն անելու, խստացրել է ուկրաինական արտահանողների նկատմամբ ստուգումները: Ըստ էության, դա նշանակում է անորոշ ժամկետով ուկրաինական ներկրման կասեցում: Չի բացառվում, որ դա կարող է տևել ամիսներ:
Ուկրաինայի Գործատուների ֆեդերացիայի կանխատեսումներով՝ ռուսական կողմի տվյալ գործողությունների հետևանքով Ուկրաինայի վնասները միայն ընթացիկ տարում կարող են կազմել 2-2.5 միլիարդ դոլար:
Բացի այդ, դա կհանգեցնի Ուկրաինայի արդյունաբերական արտադրության ինդեքսի հավելյալ (7-8 տոկոսով) անկմանը և Ուկրաինայի ՀՆԱ-ի մոտ 1.5 տոկոսով կրճատվելուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը հրապարակել էր Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տեքստը: Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր պատրաստել այն օրինագծերը, որոնք անհրաժեշտ են այդ համաձայնագրի ստորագրման համար: