
Երվանդ Բոզոյան. Քաղաքապետի կատարած նման քայլը հասկանալի էր

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը՝ նշելով, որ քաղաքապետը, ընդառաջելով հասարակությանը, գնաց հետ քայլի:
Քաղաքագետը ընդգծեց նաև այն հանգամանքը, որ հասարակական դժգոհությունը հիմնականում ուղղորդված էր դեպի երթուղայինների սեփականատերերը, սակայն, այս պարագայում նրանք այդքան ռեսուրս չունեն խնդրին լուծում տալու համար, մինչդեռ քաղաքապետարանը կարող է լուծել խնդիրը:
«Քաղաքապետի կատարած նման քայլը հասկանալի էր, այժմ պետք է սպասենք խնդրի վերաբերյալ քննարկումների վերջնական որոշմանը»,- ասաց նա:
Նշենք, որ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո՝ հաջորդ օրը, մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց սկսեցին իրականացնել իրենց հաջորդ ակցիան, որն էլ վերածվեց անժամկետ նստացույցի: Նրանք արդեն 20 օր է՝ պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները: