
31-ամյա հայ տղամարդը մեղադրվում է երեխաներին պահելուց խուսափելու համար

Երևանի բնակիչ, 31-ամյա Էդգար Բեշիլյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել իր երկու երեխաներին պահելու չարամտորեն խուսափելու մեղադրանքով։
Երիտասարդն ամուսնացել է 2003 թվականին և համատեղ ամուսնության ընթացքում՝ 2004 և 2005 թթ. ունեցել է երկու դուստր։ Համատեղ կյանքի ընթացքում անհաշտ լինելու պատճառով 2012 թվականին կինը հեռացել է Էդգարից և վարել առանձին տնտեսություն։
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
10.05.2012թ. Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ է կայացվել երեխաների խնամքը հանձնել մորը և Է. Բեշլիյանից սկսած 19.03.2012թ-ից բռնագանձել կայուն գումարով ալիմենտ յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 20.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխաների չափահաս դառնալը։ Սակայն երեխաների հայրը խուսափել է իր երեխաների համար դատարանի վճռով սահմանված ապրուստի միջոցները վճարելուց: Հայրն ունի իր պատճառաբանությունը. նախկին կինը երեխաներին տրամադրել է իր դեմ, կինն էլ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նախկին ամուսնու կողմից իր երեխաների նկատմամբ պարտականությունները չկատարելու համար։
Ոստիկանությունը Էդգար Բեշլիյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար եւ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում։