Գալուստ Սահակյան. Եթե անհրաժեշտ լինի, որ Պուտինը գա Հայաստան, ուրեմն՝ կգա Հայաստան

«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր փոխհարաբերությունների շրջանակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով երեկ Բաքվում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Հարցին, թե մտահոգիչ չէ՞ այն հանգամանքը, որ Պուտինի այցը Հայաստան տեղի չունեցավ, բայց փոխարենը նա մեկնեց Ադրբեջան, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե որևիցե խնդիր առաջանար, որ շահագրգիռ կողմերի հանդիպումն անհրաժեշտ լիներ, թերևս ՌԴ նախագահը կլիներ նաև Հայաստանում: Եթե անհրաժեշտ լինի, որ Պուտինը գա Հայաստան, ուրեմն՝ կգա Հայաստան: Առավել ևս նշեմ, որ բազմաթիվ հանդիպումներ, թե աշխատանքային կարգով, թե՝ ոչ, ՌԴ-ՀՀ նախագահների միջև տեղի են ունենում: Այնպես որ… »:

Հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտություն չի՞ եղել, որ ՌԴ նախագահը այցելի Հայաստան, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Դե եթե անհրաժեշտ լիներ՝ կգար: Դա ինքնանպատակ չի արվում, որևէ մի ղեկավար ինքնանպատակ վեր չի կենում ու չի գնում մի այլ պետություն: Իսկ մեր հարաբերություններն այնպիսին են, որ առավել անհրաժեշտություն չկա, որ Վ. Պուտինը Հայաստան գա»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Ադրբեջան կատարած Պուտինի այցը ցուցադրական էր, նախ Գ. Սահակյանն ասաց, թե տվյալ կարծիքները քաղաքական տարբեր ուղղություններից են ծնվում, ապա շեշտեց, որ պետությունների միջև միշտ էլ այցեր են տեղի ունենում:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե առաջիկայում հնարավո՞ր է, որ ՌԴ նախագահը, այնուամենայնիվ, այցելի Հայաստան, ինչին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Եթե անհրաժեշտություն լինի` հնարավոր է: Այս պահին քաղաքական անհրաժեշտության նման հեռանկարներ չեմ տեսնում: Իմ ինֆորմացիայով, որևէ խնդիր չկա, որ Պուտինն այս պահին գա Հայաստան»:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների տեսակետներին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են, ինչի մասին էլ վկայում է Պուտինի այցը Բաքու, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, ապա նշեց. «Ընդդիմադիրները մի բան պետք է գտնեն, որ ընդդիմադիր լինեն: Մենք վատթարացման նշան չենք տեսնում: Առավել ևս մեր երկրի խնդիրները մենք լուծում ենք այնպես, ինչպես որոշում ենք մենք ինքներս՝ մեր պետության ներսում»:

Տեսանյութեր

Լրահոս