Քիմ Քարդաշյանի մայրը՝ ընդդեմ Բարաք Օբամայի (տեսանյութ)
Դժվար է հավատալ, որ Քիմ Քարդաշյանը և Քայնե Ուեսթը կարող են լինել նախագահ Օբամայի մտածմունքի, էլ չասենք՝ քննարկման առարկան։ Սակայն որքան էլ զարմանալի լինի՝ այդպես էլ կա։ Ինչպես գրում է The Huffington Post-ը, Օբաման վերջերս տված հարցազրույցներից մեկում մի շարք տհաճ արտահայտություններ էր արել զույգի հասցեին՝ասելով, որ նրանք իրենց վարքուբարքով խայտառակում են ԱՄՆ-ն և վատ ազդեցություն թողնում դեռահասների վրա։
Օբաման անդրադարձել էր նրանց շքեղ կենցաղին՝ 10 000 քառակուսի ֆուտ մակերեսով տանն ու ասել էր, որ երեխաները ամեն օր նայում են՝ ինչ է հագնում Քիմը կամ ու է գնում հանգստանալու Քայնեն և մտածում են որ հաջողության չափանիշը հենց դա է։
Քիմի մորը՝ Քրիս Ջեներին, բնականաբար, դուր չեն եկել այդ խոսքերը։
Ուրբաթ օրը Kris թոք-շոուի ժամանակ նա պատասխանել է Օբամայի արտահայտություններին։ Նա ասել է, որ հիանալի է երբ մարդը լավ աշխատանք ունի, և որ իր կյանքի սկզբունքն է եղել՝ երազիր մեծ բաների մասին, աշխատիր, և դու կունենաս այն ամենը, ինչ ցանկանում ես։
Իսկ Քիմը, մոր կարծիքով, ամեն ինչի հասել է հենց աշխատասիրության շնորհիվ։
«Նախ ասեմ, որ Քայնե Ուեսթը երբեք հանգստանալու չի մեկնում։ Իսկ Քիմն աշխարհի ամենաաշխատասեր աղջիկն է։ Նա երբեք չի քնում, երբեք կանգ չի առնում, երբեք չի դանդաղեցնում տեմպն ու անընդհատ աշխատում է»,- ասել է Քրիս Ջեները։
Ինչ վերաբերում է Քիմի և Քայնեի տանը, Քրիս Ջեներն ասել է.
«Կարող եմ գրազ գալ, որ նախագահը ունի որոշ ընկերներ, որոնք ունեն 10 000 և ավելի քառակուսի ֆուտ մակերեսով տներ։ Եվ դեմ չի նրանց տներ գնալուն։ Հատկապես նախընտրական շրջանում, երբ խնդրում էր երեկույթներ կազմակերպել՝ իր նախագահական ընտրարշավի համար դոլարներ հավաքելու նպատակով»։