Ռոբերտ Ռևազյան. «Ամբողջ գիշեր պահել էին ոստիկանությունում, ծեծել էին, նույնիսկ ձեռքն էին ջարդել փայտի հարվածից»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն վերջերս հրապարակել է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցը: Կալանքի տակ գտնվող անձանց հետ զրույցների, հարցաթերթիկների լրացման արդյունքում պարզվել էր, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ կամ հոգեբանական ճնշում:
Որպես ֆիզիկական բռնությունների դրսևորման ձևեր՝ Հելսինկյան կոմիտեն մատնանշել էր՝ ծեծել են ոտքով, հարվածել ոտքերին, գլխին, երիկամներին, հարվածել են մահակով, մանրահատակով, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, գլուխը խփել են «պառավոյին»: Զեկույցում մատնանշված էին նաև կոնկրետ անձանց անուններ, ում հանդեպ բռնություն էր կիրառվել: 168.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանից հետաքրքրվեց՝ արդյոք նշված գործերով հարուցվե՞լ են քրեական գործեր:
«Մի քանի գործերով մենք հաղորդում էինք ներկայացրել դատախազություն: Մեկը եղել է Արման Դավթյանի և նրա կնոջ գործը: 2 ատյաններ՝ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչը մերժել էին գործի հարուցումը, վճռաբեկ դատարանը բեկանել էր որոշումը, ուղարկել էր գործը նոր քննության, և քրեական գործ է հարուցվել: Սպասում ենք զարգացումներին: Մի քանի դեպքեր նույնպես ունենք, որ հաղորդում ներկայացրել ենք Ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն, մերժել են: Արմեն Խանոյանի, Արմեն Արսենյանի գործերը բողոքարկման փուլում է, ինքն արդեն հաղորդում ներկայացրել է, մենք ստանձնեցինք իր շահերի պաշտպանությունը: Մի դեպք էլ կա, ամուսնու կնոջը հղի վիճակում տարել են ոստիկանություն, 1 օր պահել են: Այս գործով էլ ենք մենք սկսելու գործընթաց: Հետամուտ ենք լինելու, որպեսզի մարդկանց մարդավարի վերաբերվեն»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:
Մանրամասնելով Արման Դավթյանի դեպքը՝ Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ դեռևս 2011թ. հունիսի 14-ի առավոտյան Ա. Դավթյանին տարել էին ոստիկանություն, նրա հետ ոստիկանություն էին տարել նաև կնոջը և ընկերոջը.
«Այնտեղ ամբողջ գիշեր պահել էին, ծեծել էին, նույնիսկ ձեռքն էին ջարդել փայտի հարվածից, կնոջ նկատմամբ էլ անմարդկային վերաբերմունք էին դրսևորել: Մեկ օր կնոջը ոստիկանությունում պահելուց հետո թողել էին: Արման Դավթյանի մարմանական վնասվածքներն արձանագրվել են և՛ Երևանի ձերբակալվածներին պահելու վայրում, և՛ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»: