Ինչ կլինի «Սթարի» հեռանալուց հետո
Մանրածախ առևտրի շուկայից «Սթար» խանութների ցանցի դուրս գալը էական ազդեցություն չի ունենա մրցակցության տեսակետից: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին «Սթարն» արդեն փոքրացրել էր ծավալները, մի քանի խանութներ փակվել էին, և շուկայում դրա բացակայությունը առանձնապես զգալի չի լինի, առավել ևս, որ նորերը կբացվեն:
Անդրադառնալով փաստին, որ 2011 թ-ին «Սթարը» ձեռք էր բերել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, Պ.Ղալթախչյանը նկատեց, որ միևնույնն է, դա չօգնեց «Սթարին» իր դիրքերը բարելավելու համար:
Մինչ այս մանրածախ առևտրի շուկայում գերիշխող դիրք ունեցող խանութների շարքին էին դասվում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի, «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ի, «Ֆրեշ» ՍՊԸ-ի, «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի և 2012 թ. փետրվարից «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի խանութները: ՏՄՊՊՀ փոխնախագահը պարզաբանեց, որ օրենքով, զուտ վերահսկողության տեսակետից, որ ընկերությունն ունի 3 և ավելի խանութներ, ապա մեխանիկորեն կարող է ներառվել գերիշխող դիրք ունեցողների մեջ: Իսկ շրջանառության և ծավալների մասով ՏՄՊՊՀ-ն վերահսկողություն չի իրականացնում: