Վալերի Օսիպյանի պատասխանը՝ ակտիվիստներին. Ոստիկանությունը չի առևանգում, ոստիկանությունը կարգի է հրավիրում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանի մոտակայքից այսօր 5 ակտիվիստներ են հրավիրվել ոստիկանություն: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակտիվիստները կարգ են խախտել: Նրա խոսքով՝ ոստիկանները երիտասարդներին բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ իրենք կարգ են խախտում, սակայն նրանք հրաժարվել են կատարել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:

«Ոստիկանության աշխատակիցները նրանց ստիպված են եղել կարգի հրավիրել, հրավիրել են ոստիկանության բաժին»: Վալերի Օսիպյանը մանրամասնեց, որ ակտիվիստները փողոցը ներկել են կարմիր ներկով:

Արձագանքելով ակտիվիստների այն հայտարարությանը, թե իրենց առևանգել են, Վ. Օսիպյանն ասաց, որ այդ արտահայտությունը տեղին չէ: «Ոստիկանությունը չի առևանգում, ոստիկանությունը կարգի է հրավիրում, հրավիրում է ոստիկանություն: Ովքեր հրաժարվում էին, ոստիկանությունը նրանց ներկայացրել է բաժին»,- ասաց նա: Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանություն հրավիրված ակտիվիստների նկատմամբ իրականցվում է վարչական վարույթ. նրանք օրենքին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:

Արդեն տեղեկացրել էինք նաև, որ ոստիկանություն հրավիրված ակտիվիստներից երկուսը հրաժարվել են բուժզննում անցնել՝ պարզելու համար ալկոհոլ օգտագործե՞լ են, թե՞ ոչ: Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե լինի կասկած, որ, օրինակ, ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում, ինքը նախաձեռնող կլինի, որ իրեն բուժզննման ենթարկեն՝ ցույց տալու համար, որ ինքը սթափ վիճակում է: «Իսկ եթե ես հրաժարվում եմ, ապա դուք ենթարդեք՝ ինչ կա: Ես չեմ մեկնաբանում: Եթե ես հրաժարվում եմ, դուք ինքներդ ասեք»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս