Բաժիններ՝

«Ո´չ թալանին». Ուսանողները պահանջում են կասեցնել ուսման վճարների թանկացումը

«Ո´չ թալանին», «Մի´ թալանեք մեր ընտանեկան բյուջեն» պաստառներով այսօր կառավարության շենքի առջև ակտիվիստները բողքի ակցիա էին անցկացնում բուհերում վարձավճարների թանկացման դեմ: Ինչպես հայտնեց Ազգային ազատագրական շարժման ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը, իրենք նամակ են նախապատրաստել, որը պետք է փոխանցեն կառավարությանը:

«Պահանջում ենք կասեցնել ուսման վճարների թանկացումը: Փորձել ենք կապ հաստատել փոխնախարարի հետ, բայց հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ոչ ոքի չի հաջողվում հանդիպել նրան»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:

Ըստ ակտիվիստների՝ ուսաման վարձավճարները ՀՀ-ում արդեն բավականին բարձր են, իսկ զարգացած պետությունների հետ համեմատելն անհիմն է, քանի որ ՀՀ-ն բավականին հեռու է զարգացած լինելուց, աշխատավարձերն էլ չեն համապատասխանում զարգացած երկրների աշխատավարձերին: Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ նախկինում գործող ծնողազուրկ երեխներին վարձավճարի որոշ տոկոսների զիջումն այժմ վերացել է:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ այս թանկացումը չի ազդի սոցիալապես անապահով խավերի վրա, քանի որ սոցիալապես անապահով խավի համար սոցիալական քաղաքականություն է տարվում, մի շարք նախաձեռնություններ կան, այս տավանից ընտանեկան նպաստների «Փարոս» համակարգում ընդգրկվածների երեխաներին 50-100% զեղչ է գործելու, սոցիալական խմբեր կան, որ ընդհանրապես ազատված են վարձավճարներից, նաև բուհերը հնարավորություն ունեն իրենք զիջելու ուսման վարձը կարիքավորներին:

«Բուհական կրթությունը, ինչպես ամեն ինչ այսօր, թանկանում է, և դժվար է ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն: Դասախոսները ստանում են ցածր աշխատավարձ, բուհերը չեն կարող տեխնիկապես վերազինվել»,- ասաց Կ.Հարությունյանը:

Նա նշեց, որ վարձի թանկացման վերաբերյալ քննարկումներ եղել են բուհերի ղեկավարների և նախարարության միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս