Արձակուրդային «մեսիջներ»
Օգոստոսի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին: Ըստ այդմ, նրա ծառայության ժամկետը երկարացվել է մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Այս հրամանագիրը ուշագրավ է մի շարք առումներով: Ավելի քան երկու շաբաթ է՝ Սերժ Սարգսյանը գտնվում է արձակուրդում: Թե որտեղ է գտնվում՝ անհայտ է: Պաշտոնապես հանրությանը հայտնի է միայն, որ նա Հայաստանում չի (չէր) գտնվում: Ու հանկարծ նա հրամանագիր է ստորագրում Խաչատուրովի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին:
Յուրի Խաչատուրովը, բացի ֆորմալ առումով գլխավոր շտաբի պետը լինելուց՝ հայկական բանակում նաև, այսպես կոչված, գորշ կարդինալի համարում ունի: Խաչատուրովի, ինչպես նաև նրա զինծառայող որդու անունների հետ են կապվում բանակում տեղի ունեցած մի շարք աղմկոտ, սկանդալային իրադարձություններ: Տարիներ շարունակ մամուլում գրվում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու Խաչատուրովի միջև տարաձայնությունների, հակասությունների մասին, հիմնականում՝ բանակում բարեփոխումների իրականացման առումով: Այլ կերպ ասած, Խաչատուրովը լայն իմաստով խոչնդոտում է այն բարեփոխումներին, որոնք փորձ է արվում իրականանցնել բանակում:
Յուրի Խաչատուրովը՝ որպես երկարամյա զինվորական, բնականաբար, բազմաթիվ արժանիքներ ունի, նպաստել է բանակի կայացմանը և այլն: Բայց նրա, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ ընկալումը ինչպես բանակում, այնպես էլ հանրային շրջանակներում, Սերժ Սարգսյանին պետք է ստիպեր մտածել նրան փոխելու մասին: Իսկ թոշակի տարիքը, ինչի կապակցությամբ Ս. Սարգսյանը երկարաձգել է Խաչատուրովի ծառայության ժամկետը, հրաշալի առիթ էր նրան վաստակած ու արժանի հանգստի ուղարկելու համար:
Սակայն Ս. Սարգսյանը չի օգտվել այդ հնարավորությունից, ինչն անուղղակիորեն նշանակում է, որ նա առանձնապես դժգոհ չէ այն դերակատարումից, որ Խաչատուրովն ունի հայկական բանակում: Ավելին, երկարաձգելով նրա ծառայության ժամկետը, Ս. Սարգսյանը նաև «մեսիջ» է ուղարկել բոլոր այն միջին ու բարձրաստիճան զինվորականներին, ում հանրությունը համարում է բանակում կատարվող ապօրինությունների, զինվորների սպանությունների, «ինքնասպանությունների» մեղավորը: Այդ «ուղերձի» իմաստն այն է, որ նրանք անձեռնմխելի են, որ նրանք կմնան բանակում անգամ կենսաթոշակի տարիքն անցնելուց հետո: