Օբաման չեղյալ է հայտարարել Պուտինի հետ պլանավորած հանդիպումը. Associated Press
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորած հանդիպումը: Այս մասին գործակալությանը հայտնել են սեփական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման չեղյալ հայտարարման պատճառ է հանդիսացել Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, Սպիտակ տունը նաև դժգոհ է եղել մի շարք հարցերում, այդ թվում նաև ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման հարցում ռուսական իշխանությունների կոշտ դիրքորոշումից:
Վաշինգտոնում ընդգծել են, որ Օբաման մասնակցելու է սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին, սակայն տետ-ա-տետ հանդիպում չի ունենա Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ Օբաման երեկ անձամբ հաստատել է, որ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին: