«Վարորդից ուղղակի գումար են վերցնում կանգնեցնելու համար, մյուս բոլոր գործառույթներն իրենց վրայից վայր են դնում»
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը զրույց է ունեցել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենի հետ. իրենք ընդունում են, որ վճարովի ավտակայանատեղերի հարցում բացթողումներ կան, և որ դրանք պետք է շտկվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանն ասաց, որ վարորդների իրավունքների ոտնահարում է այն հանգամանքը, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում մեքենաների վնասման համար. «Եթե վարորդը մի բան համար վճարում է, պետք է պատշաճ կերպով մատուցվի այդ ծառայությունը, այսինքն՝ ծառայություն է մատուցվում մասամբ կարգավորված: Վարորդից ուղղակի գումար են վերցնում կանգնեցնելու համար, մյուս բոլոր գործառույթներն իրենց վրայից վայր են դնում»: Նրա խոսքով՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով՝ վճարովի ավտոկայանատեղիների համար վճարվում է տեղական տուրք. «Հոդվածը հստակ սահմանում է, որ այդ տեղական տուրքը համարվում է համայնքի սեփականությունը կամ քաղաքապետարանի բյուջեն: Տվյալ դեպքում որևէ որոշում չկա, որ թույլատրի՝ այդ տուրքի 70 տոսկոը գնա որևէ մասնավոր ընկերության»: Նրա խոսքով՝ նշված խնդիրը կարող է վիճարկվել դատական կարգով: Հիշեցնենք, որ վճարովի ավտոկայանտեղիներից ստացված շահույթի 70 տոկոսը ուղղվելու է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը, իսկ քաղաքապետարանի բյուջե ուղղվելու ընդամենը 30 տոկոսը:
Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ վճարովի ավտոկայանատեղիները կարող են վնասել տաքսիների վարորդներին. վերջիններիս, ըստ նրա, պետք է զեղչեր արվեն, հակառակ դեպքում նրանց վճարած գումարը մեծ չափերի կարող է հասնել: