Բաժիններ՝

«Առավոտ գնա աշխատի, իրիկունը գա, իր մոր եփած ճաշն ուտի, իր տանը քնի». Գնդեվազում սպասում են Ամուլսարի հանքի շահագործմանը (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքը վերջին շրջանում բնորոշող մի երևույթ է ակնառու՝ եթե նախկինում գյուղի ահել-ջահելները հավաքվում էին գյուղամիջում ու պարապ զրուցում, ապա հիմա հազվադեպ կարելի է օրվա աշխատանքային ժամին նրանց հանդիպել: Համայնքի 1000-ից ավելի բնակիչներից 67-ն արդեն աշխատում են «Գեոթիմ» ընկերությունում: 2005 թվականին հիմնադրված ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարում:

 

Գյուղում կյանքը հոգսաշատ է: «MPG consulting» խորհրդատվական ընկերության կողմից սոցիալ-տնտեսական հիմանխնդիրների վերհանման նպատակով անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ 2010 թ-ին Գնդեվազում եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր` 55%, իսկ մնացած մասն ապահովվում էր հիմնականում արտագնա աշխատանքի արդյունքում:

gndevaz-6

Մեկ տնտեսության ամսական եկամուտը մինչև 70 հազար դրամ էր կազմում, հազվադեպ՝ 100-150 հազար դրամ: Գյուղի տնտեսությունների մեծ մասն ունի ընդամենը 2-3 կով և մինչև 5 ոչխար: Գնդեվազցիների կարծիքով՝ որպես առաջնային օգնության միջոց աշխատատեղերի բացումն է:

Մինչև 2005 թվականը գնդեվազցի աշխատունակ տղամարդկանց մեծ մասը մեկնում էր Ռուսաստան՝ շինարարությունում բանվորություն անելու և ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար, իսկ շատերն էլ ընտանիքներով տեղափոխվել էին Հայաստանի այլ քաղաքներ, մասնավորապես, Ջերմուկ և Երևան: Այսօր Գնդեվազի բնակիչները փաստում են, որ տարեցտարի գյուղ վերադարձողների թիվը մեծանում է:

 

«Բնիկ գնդեվազցի եմ, հիմա տունս եմ կառուցում, որ մշտական վերադառնամ իմ պապական գյուղը: Մինչ էս 2 տարի ապրում էինք Ջերմուկում, աշխատում էի մի ընկերությունում, բայց օրվա հացից բացի ուրիշ հոգս չէի կարողանում հոգալ»,- ասում է «Գեոթիմում» արդեն 5-րդ տարի որպես վարորդ աշխատող Յուրա Արշակյանը:

Yura

Նա պատմում է, որ համագյուղացիներից շատերը Ռուսաստանում գործը թողել, եկել են Գնդեվազ. «Առավոտ գնա աշխատի, իրիկունը գա, իր մոր եփած ճաշն ուտի, իր տանը քնի: Ես չեմ պատկերացնում, որ էս գործը չլինի, նորից 25-30 ջահելներ նույն օրը կգնան: Գյուղում էսօր շարժ կա, ու ես մեծ հաճույքով կապրեմ էստեղ, ոչ մի տեղ չեմ գնա: Իմ նման` մյուս բոլորը: Սա է մեր հողն ու ջուը, էստեղ պետք է ապրենք, մեր երեխեքը էստեղ պետք է դպրոց գնան, որ դպրոցը չփակվի: Ամբողջ ջահելության հույսն ու հավատը դա է, որ Ամուլսարի հանքը աշխատի, իրենք էլ աշխատանք ունենան, կարողանան իրենց ընտանիքը պահել»:

 

Գնդեվազի դպրոցն այս տարի 18 շրջանավարտ է ունեցել, առաջին դասարան ընդունվել են 4 երեխաներ: Հաջորդ տարի գրեթե նույն պատկերն է լինելու, իսկ 2 տարի հետո գյուղում միայն 1 առաջին դասարանցի կլինի: Սակայն Գնդեվազի դպրոցի ուսուցիչ, ավագանու անդամ Վահան Մկրտչյանն ասում է, որ հաջորդ տարիներին իրավիճակը կփոխվի. եթե 2004-2007թթ. գյուղում ընդամենը 10 նոր ընտանիք է ստեղծվել, որից կեսը հեռացել են համայնքից, ապա միայն այս տարի արդեն մոտ 10 նորահարս ունեն: Ավելանում է նաև նորածինների թիվը. սպասվում է, որ այս տարի 11-12 երեխաներ են ծնվելու: 2011թ. Վ. Մկրտչյանը կարի փոքրիկ արտադրամաս է բացել, որտեղ աշխատում է 5 հոգի:

vahan-mkrtchyan

«Կարում ենք Ամուլսարի հանքավայրում աշխատանքների համար պահանջվող նմուշարկման տոպրակները: Ամեն տարի արտադրանքի տեսականին ավելացնում ենք, հիմա աշխատում ենք ոչ միայն «Գեոթիմին» տոպրակներ մատակարարելու համար, այլ նաև ուրիշ տարբեր պատվերներ ենք կատարում՝ անկողնային պարագաներ, բանվորական հագուստներ»,- ասում է Վ. Մկրտչյանը՝ հավելելով, որ արտադրամասի բացման համար «Գեոթիմի» աջակցությամբ 2 մլն դրամ է ներդրել, իսկ 1 ամիս առաջ հագուստ կարելու համար ևս 3 մլն դրամի սարքավորում է ձեռք բերել:

2010թ. համայնքի բյուջեն 1.5 միլիոն դրամ էր, 2012թ. «Գեոթիմի» հարկային վճարումների հաշվին այն կազմել է 6 միլիոն դրամ: Մեր այցելության ժամանակ գյուղում սեփական միջոցներով իրականացվում էին ասֆալտապատման աշխատանքներ, իսկ անցած տարի ձեռք էր բերվել գյուղատնտեսական տեխնիկա:

 

Գնդեվազի «Ամուլսար տեղեկատվական կենտրոնի» սպասարկման գծով օգնական Նաիրա Հովսեփյանն ասում է, որ հանքարդյունաբերական ընկերությունն իրականացնում է մի շարք ծրագրեր. 2011թ. համայնքում հիմնադրվել է տնկարան, որտեղ աշխատում են 12 հոգի, ֆինանսավորում է «Գեոթիմ» պարային համույթը, որն այս տարի հանրապետական մրցույթում 2-րդ և 3-րդ տեղերն է շահել, արդեն 3 տարի երեխաները հնարավորություն ունեն մեկնել ամառային ճամբարներ, ընկերությունը վճարում է համալսարանում սովորող Գնդեվազի մեկ ուսանողի ուսման վարձը (ավարտելուց հետո նա կաշխատի «Գեոթիմում»), գյուղում շաբաթական աղբահանություն է կազմակերպվում:

Naira-ognakan

Գնդեվազի մանկապարտեզը, 10 տարի չգործելուց հետո, «Գեոթիմի» աջակցությամբ 2011-ին վերակառուցվել, կահավորվել է և ոչնչով չի զիջում մայրաքաղաքի մանկապարտեզներին: Ներկայումս այն ընդունում է 20 մանուկների, իսկ մշտական աշխատատեղ ունեն 8 հոգի:

«Դեռ հարյուրավոր աշխատատեղեր կբացվեն հանքի շահագործումից հետո: Դա նշանակում է, որ մեր տարածաշրջանից 100 երիտասարդ ու իրենց ընտանիքները չեն հեռանա: Այսօր Հայաստանի համար միակ ու ամենամեծ վտանգը արտագաղթն է, որը հայ ժողովրդին տանում է կործանման, Հայաստանը դատարկվում է»,- նշում է Ն. Հովսեփյանը ու հավելում, որ անցած 5 տարում գյուղում բնակչության թիվը եթե չի ավելացել, ապա գոնե չի էլ նվազել:

Լուսանկարները և տեսանյութը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս