Թե ինչպես Արդարադատության փոխնախարարի ընկերուհին նոտար չդարձավ
Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ -ի, ՔԿՀ-ի և պետական ռեգիստրում իրականացվող բարեփոխումների նպատակն ավելորդ քայլերի վերացումն է նշված համակարգերից: Բոլոր այն գործողությունները, որոնք որևէ հավելյալ արժեք չունեն, պարզապես հանվում են»,- այս մասին Լոռու մարզում անցկացված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ, ըստ iravaban.net-ի՝ ասել է արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
Նա նախևառաջ անդրադարձավ էլեկտրոնային ռեգիստրին՝ փաստելով, որ բոլոր այն քայլերն ու գործողությունները, որոնք կատարվում են մեկ մարմինը մյուսին հարցում կատարելու արդյունքում՝ այժմ փոխվել են մեկ պատուհանով. «Բոլոր այն քայլերը, որոնք դեռևս ավտոմատացված չեն, որոշ խնդիրներ են պարունակում: Այդ իսկ պատճառով մեր գործողությունները ուղղված են բոլոր քայլերն ավտոմատացնելու ուղղությամբ: Այս բոլոր բարեփոխումները բերում են թափանցիկության բարձրացման: Միայն անհրաժեշտ է վճարել սահմանված պետական տուրքը»:
Ըստ նրա՝ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի արդեն հաջորդ տարի ՔԿԱԳ համակարգը ևս դառնա էլկտրոնային, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ տեղում և անմիջապես:
Անդրադառնալով նոտարական համակարգին՝ նա նշել է, որ այն երևի ամենաբարդ համակարգն է. «Այս ոլորտում դեռ բավական աշխատանք կա կատարելու»:
Նրա խոսքով՝ ոչ բոլոր բարեփոխումներն են լինելու շատ լավը. «Անկախ մեր կամքից տեղի կունենա սակագների բարձրացում: Նոտարիատի գոյության նպատակն այն է, որ անձը երաշխավորված լինի, որ հետագայում դատարան դիմելու կարիք չի ունենա: Կարծում եմ՝ այս բարեփոխումների համակարգը կապահովի դա»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե գործարքի արդյունքում քաղաքացին կտուժի և չի ստանա այն, ինչի համար գործարքը կնքվել է, ապա այդ գումարը ամբողջապես նա կարող է ստանալ նոտարից:
«Այդ պարագայում նոտարն արդեն կունենա պատասխանատվության ապահովագրություն, ինչպես նաև նոտարական պալատում կլինի համապատասխան ֆոնդ, որը կապահովի վնասի փոխհատուցումը, եթե հանկարծ նոտարի գումարները չեն բավականացնի»:
Փոխնախարարը միջոցառման ընթացքում անդրադարձել է նաև ԴԱՀԿ համակագում կատարվող բարեփոխումներին:
«ԴԱՀԿ համակարգում արդեն իրականացվել է ներքին էլեկտրոնային կառավարման համակարգի ներդում: Աշխատանքները շարունակվում են, ինչի արդյունքում գործերի քանակը գերթե կրկնակի ավելացվել են: Այս համակարգում թվայնացման գործընթացը շարունակվում է: Աշխատանքեր են տարվում նաև որպեսզի ԴԱՀԿ և դատարան կապն ավելի իրական դառնա»,- ասել է նա:
Խոսելով ՔԿՀ- մասին՝ Օրբելյանը նշել է, որ քրեակատարողական համակարգը ամենախնդրահարույց դաշտերից՝ ինչը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Միջոցառման վերջում փոխնախարարը հայտնել է, որ հիշյալ բոլոր քայլերն ուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նա նաև իր անձնական կյանքից մեկ դրվագ է պատմել.
«Երբ ես և կինս դեռևս ամուսնացած չէինք, և նա իմ ընկերուհին էր, մասնակցեց նոտարի քննություններին: Բոլորը կարծում էին, որ նա անպայման հաջողությամբ կհանձնի քննությունները, քանի որ փոխնախարարի ընկերուհի է: Սակայն այդպես չեղավ»,- պատմել է Օրբելյանը: Ապա կատակելով հավելել է. «Դրանից հետո արդեն մտածում էի ամուսնանամ իր հետ, թե՝ ոչ: Բայց արդյունքում ամուսնացա, քանի որ սիրում էի»:
Կարդացեք այստեղ.