Պատմում է ականատեսը. Վաճառվող չորսամյա երեխան լաց էր լինում, ոստիկանությունը ձերբակալություն էր իրականացնում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՀ ոստիկանությունը կանխել է Վանաձորում 4-ամյա մի երեխայի վաճառքը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Լոռու մարզպետարանի քարտուղարության վարչության պետը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ Նարեկ Սարգսյան անուն-ազգանունով աշխատակից ունեն Լոռու մարզպետարանում, բայց դա չի նշանակում, որ բերման ենթարկված Նարեկ Ս.-ն հենց մարզպետարանի աշխատակիցն է. «Նարեկ Սարգսյանը մեր երեխաների պաշտպանության բաժնի պետն է, բայց ո՞վ է ասել, որ ինքը դրա հետ պիտի կապ ունենա: Ես ոչինչ էլ չեմ կարող ասել, որովհետեւ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասել է Մակարյանը:
Հարցին, թե Նարեկ Սարգսյանին տեսե՞լ են արդյոք կամ հարցրե՞լ են այդ մասին, քարտուղարության վարչության պետը պատասխանել է, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է արձակուրդում:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության վարչության պետ Սամվել Գրիգորյանը կայքին պատմել է, որ ինքը երեկ ականատես է գտնվել ոստիկանության այն օպերացիային և տեսել, թե ինչպես են մարդկանց բաժին տարել, և կանխել չորսամյա փոքրիկի վաճառքը:
«Ես երեկ այդ դեպքին ականատես են եղել` ոնց էին այդ ուժային կառույցները ինչ-որ մարդկանց բռնում, մերոնք չկային այնտեղ (նկատի ունի Վանաձորի պաշտոնյաներին.-թղթ.), դրա համար կասկածում եմ: Ես այնտեղ էի, մեր ԱԱԾ-ն էր՝ քաղաքացիական հագուստով անձիք, ես այդ դեպքին ականատես եղա՝ ոնց էին ձերբակալում. կին էր երեխայով, տղամարդիկ, արտասահմանցի արտաքինով մարդիկ չկային:
Հայկական արտաքինով մարդիկ էին: Էդ կնոջն էլ տեսա, երեխային էլ: Ինձ թվաց՝ տղա էր, լաց էր լինում, ես, ճիշտն ասած, մտածեցի` բռնություն են գործադրում, միջամտեցի, որովհետև էդ ոստիկանները քաղաքացիական հագուստով էին, դրա համար ինձ թվում էր, թե մարդ էին առևանգում, ու այդ իսկ պատճառով էլ միջամտեցի: Սրանք էլ պատասխանեցին, թե նկարահանում ենք անում, իրոք տեսա, որ սրանք նկարահանում անում էին: Ինձ ասացին սկզբում, թե ֆիլմ ենք նկարահանում… Ասի՝ ավելի լավ է չմիջամտեմ, հետո մոտեցա, տեսա ֆիլմի խնդիր չէ, շատ կոպիտ էր ամեն ինչ տեղի ունենում, դա կասկածելի էր, ինչ էր, ոլորում էին ձեռքերը, նա էլ դիմադրում էր: Այդ տղամարդուն մեքենայից էին հանում, իսկ կինը ինքը կամավոր դուրս եկավ, ասաց` երեխային գոնե հանգստացրեք, ինձ ձերբակալեք:
Հետո տեսա, որ մեր ոստիկանապետը եկավ, ասի՝ ուրեմն սրանք օպերացիա են իրականացնում, խառնվելու իրավունք ես չունեմ»,- պատմել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության վարչության պետը:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանն ասել է, որ այդ գործով որպես վկա իրեն ևս հրավիրել են ոստիկանությունը, և ոստիկանության հաղորդագրության մեջ նշված Արշալույս Ա.-ն ինքն է: