Հայկ Ալումյան. Այս գործն այն գործն է, որ մինչև ապացուցես, որ սպիտակը սպիտակ է, բավականին բարդ կլինի

Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը օրերս քննիչի վերադաս դատախազին բողոքարկել էր քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր Ա. Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իր բողոքը մերժելու մասին գրություն է ստացել:

«Գրություն եմ ստացել, որ իմ բողոքը մերժված է, բայց բողոքս մերժելու մասին որոշումը չեմ ստացել: Դրա համար ես դիմել եմ, որպեսզի որոշումն էլ ինձ տրամադրեն, ես հասկանամ՝ ինչ պատճառաբանությամբ են մերժում: Պատճառաբանությանը կծանոթանամ ու, ամենայն հավանականությամբ, արդեն այդ որոշումը կբողոքարկեմ մերժող դատախազի վերադաս դատախազին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս հայտարարել էր, որ Արտակ Բուդաղյանի զենքը լիցքավորված չի եղել, հետևաբար Խաչատրյաններին ուղղված սպառնալիք իրականացնելու համար իրական հնարավորություն չի եղել: Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հանգամա՞նքն է եղել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելու հիմքը. «Այնտեղ մի շարք ուրիշ հիմնավորումներ էլ գոյություն ունեն, բայց դրանց կանդրադառնանք ավելի ուշ փուլում՝ կապված նրա հետ սպառնալիքներ եղե՞լ են առհասարակ, թե՞ չեն եղել, և իրավիճակն ինչպիսի՞ն է եղել: Մի շարք այլ փաստարկներ գոյություն ունեն, բայց տվյալ միջնորդության հիմքում, մի կողմ թողնելով մնացած փաստարկները՝ որպես հիմնավորում, նշել եմ, որ հենց միայն այդ հանգամանքը, որ ինքը իրական հնարավորություն չուներ իրականացնելու այդպիսի սպառնալիք՝ արդեն բացառում է այդ հոդվածով քրեական հետապնդումը: Իսկ օրենք ուղիղ ասում է՝ որպեսզի անձն այդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկվի, ուրեմն պիտի այդ սպառնալիքն իրականացնելու հնարավորությունն առկա լինի»:

Հարցին՝ ինչո՞վ եք բացատրում վերադաս դատախազի կողմից բողոքի մերժումը, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իմ պատկերացմամբ՝ սա սկզբնապես դրսևորված միակողմանի մոտեցման դրսևորումներից մեկն է, այսպես ասեմ: Ես, ճիշտն ասած, չեմ սպասում, որ մեր այս պայքարը կլինի շատ հեշտ, թեև իրավաբանական փաստարկները մեր միանշանակ են, ինչպես ես պատկերացնում եմ: Բայց ես նաև հասկանում եմ, որ սա գործն այն գործն է, որ մինչև ապացուցես, որ սպիտակը սպիտակ է, բավականին բարդ կլինի, և ես պատրաստ եմ, իմ կողմը պատրաստ է այդ ճանապարհն անցնել»:

Կարդացեք նաև

Լուսանկարը «Ազատություն» ռադիոկայանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս