Վարդենիսում ազատամարտիկները նստացույց են անում. «Որոշ մարդիկ զանգել, տղաներին ասել են՝ մի՛ հավաքվեք այդտեղ, պետք չի նստացույց անել»

Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Վարդենիս քաղաքի գործկոմի այգում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները պահանջում են լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Նրա խոսքով՝ այժմ ինքն նստացույցի վայրում չեն, սակայն ազատամարտիկներն այնտեղ շարունակում են նստաույցը:

«Պահանջում ենք բոլոր տեսակի կենսաթոշակների կրկնակի բարձրացում, պահանջում ենք, որ բուժծառայությունները լինեն անվճար, կոմունալ ծառայությունները լինեն 50 տոկոս զեղչով, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը լինի անվճար ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների համար: Պահանջում ենք նաև օրենք ազատամրտիկի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ երեկ Վարդենիսում նստացույցի ժամանակ հավաքվել էր մոտ 100 հոգի. «Բայց այնպես է, որ չեն կարողանում անընդհատ գալ, 50 կամ 100 հոգին անընդհատ այնտեղ նստած մնան, որովհետև անասուն են պահում, ոչխար են պահում, հող են մշակում, բայց 20-30 հոգի անընդհատ կա»:

Մեր հարցին՝ արդյոք նստացույցի ընթացքում իրենց այցելե՞լ են պաշտոնյաներ, փորձե՞լ են լսել իրեց պահանջները, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց. «Այո՛: Եկել է Վարդենիսի քաղաքապետը, եկել է քաղաքապետի տեղակալը, ճիշտն ասած՝ անուն ազգանունները չեմ հիշում: Եկան, հետները զրուցեցինք, մեր պահանջներն իմացան, ընդհանուր փաթեթով ունենք՝ ինչ ենք պահանջում, մի օրինակ էլ իրենց տվեցինք, աեցին՝ լավ, մենք էլ կկարդանք, կուսումնասիրենք, ինչ-որ բան կարող ենք, կաջակցենք: Քաղաքապետն ի՞նչ պիտի անի մեզ համար»:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ նա նշեց, որ նստացույց անող որոշ ազատամարտիկներին զանգահարել են «որոշ մարդիկ» և ասել, որ չշարունակեն նստացույցը. «Տղաներին ասել են՝ մի՛ հավաքվեք այդտեղ, պետք չի նստացույց անել, տղաները հիմա շարունակում են, ասում են՝ մենք պահանջներ ունենք, մեր պահանջների համար պայքարելու ենք»:

Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իրենք շրջելու են մարզերով, ոտքի են հանելու ազատամարտիներին. «Մինչև լուծումները չտեսնենք՝ կոնկրետ թղթի վրա հրամաններն ու որոշումները, մենք անցնելու ենք մարզերով, ազատամարտիկներին ոտքի ենք հանելու, որ պահանջատեր լինեն, սովորեն պայքարել իրենց իրավունքների համար»:

Նա նշեց, որ հաջորդ քաղաքը Սիսիանն է. գնալու են այնտեղ, պայքարի կոչ անեն: Վոլոդյա Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ այժմ ազատամարտիկների համար հիմնադրամ է ստեղծվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս