Իսլամիստ զինյալները Սիրիայի հյուսիսում մահապատժի են ենթարկել քուրդ 450 պատանդի. Al-Alam
Իրանական Al-Alam հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները նոր հանցագործություն են գործել Սիրիայի հյուսիսում:
Թուրքիային սահմանակից Տել-Աբյադ քաղաքում մոջահեդները մահապատժի են ենթարկել 450 քուրդ պատանդի, որոնցից 120-ը եղել են երեխաներ, իսկ 330-ը՝ կանայք և տարեցներ: Իրանական հեռուստաալիքը, սակայն, չի հայտնել, թե երբ է իրականացվել այդ հաշվեհարդարը:
Նախորդ շաբաթ արաբական մամուլը գրել էր, որ ծայրահեղական իսլամիստները պատանդ են վերցրել ավելի քան 300 քրդի: Նրանք բոլորն էլ այսպես կոչված «քրդական բրիգադի» զինյալների ընտանիքի անդամներ են, որը նախկինում մտել էր Սիրիական ազատ բանակի կազմի մեջ, սակայն հետագայում անցել էր քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմը:
Սիրիայի կառավարական ԶԼՄ-ները և ընդդիմադիր աղբյուները դեռ չեն հաստատել իրանական հեռուստաալիքի հաղորդումը: Նշվում է, որ զինյալները կարող էին դրանով իսկ վրեժխնդիր լինել քրդերից՝ վերջին շաբաթներին նրանց կողմից իրենց պատճառած պարտության համար: Հուլիսի 29-ին նշվել էր, որ քրդերը Սիրիայի հյուսիս-արևելքում ոչնչացրել են մոտ 80 իսլամիստի: