Բաժիններ՝

Մեղադրվում է ամուսնուն երկու անգամ խոհանոցային դանակով հարվածելու մեջ

Երևանի Մալաթիա-Սբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կ. Ա.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Կ. Ա.-ն մեղադրվում է նրանում, որ ամուսնու` Ա. Դ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակի հետին պատին: Արդյունքում Կ. Ա.-ն ամուսնու առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նախկինում չդատապարտված, 1981-ի ծնված Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ datalex-ի՝ գործով դատաքննությունը հայտարարվել էր ավարտված, և դատարանն անցել էր դատական վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն: Սակայն դատական նիստրից մեկի ընթացքում գործով մեղադրող Արմեն Չիչոյանը միջնորդել էր վերսկսել դատաքննությունը և նշանակել դատահոգեբանական փորձաքննություն Կ. Ա.-ի կողմից իրավախախտումը կատարելու ժամանակ վերջինիս հոգեկան վիճակը պարզելու համար: Գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել բավարարել մեղադրող դատախազի միջնորդությունը:

Դատավորը որոշում է կայացրել դատահոգեբանական փորձաքննություն նշանակել և, ըստ datalex-ի` իր որոշման մեջ նշել. «Նախաքննության մարմնի կողմից Կ. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում գտնվել է տանը ու զբաղված է եղել ամանօրյա տոների նախապատրաստման աշխատանքներով ու այդ ժամանակ բնակարան է վերադարձել նրա ամուսինը` Ա. Դ.-ն, որից Կ. Ա._-ն գումար է պահանջել` առևտուր կատարելու նպատակով:  Ա. Դ.-ն, գտնվելով ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, անսթափ վիճակում, սկսել է բղավել և անպատվել Կ. Ա.-ին և հրաժարվել է գումար հատկացնել գնումներ համար: Խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Ա. Դ.-ն հյուրասենյակում դրված աթոռով հարվածել է Կ. Ա.-ի մեջքին:

Հարվածի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո Ա. Դ.-ն շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածել Կ. Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին: Կ. Ա.-ն, չկարողանալով դիմադրել, վազել է դեպի խոհանոց, իսկ Ա. Դ.-ն հյուրասենյակում գցելով աթոռի ոտքը` գնացել է միջանցք: Այդ ժամանակ Կ. Ա.-ն, խոհանոցից վերցնելով դանակը, հանկարծակի հարծակվել է Ա. Դ.-ի վրա և սկզբում հարվածել նրա որովայնի ծախ հատվածին, այնուհետև նրա կրծքավանդակի հետին մակերեսին` պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս»:

Դատավորը որոշել է դատահոգեբանական փորձաքննության կատարումը հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Փորձագետին պարզաբանման համար առաջադրել հետևյալ հարցը՝ Կ. Ա.-ն իրավախախտումը կատարելու ժամանակ ինչպիսի հոգեկան վիճակում է գտնվել:


Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս