Վարորդը բեռնատարով բախվել է Տիգրան Մուկուչյանի ավտոմեքենային
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը: Ըստ կայքի տվյալների, KIA-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ տեղեկությունների, վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել: