ԱՄՆ-ում հեռուստատեսությունն առաջին անգամ առաջատարությունը զիջել է ինտերնետին
The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ինտերնետն առաջին անգամ հեռուստատեսությանը գերազանցել է այնժամանակի քանակով, որը չափահաս ամերիկացին անցկացնում է այդ մեդիա միջավայրում: Այս մասին են վկայում eMarketer ընկերության տվյալները:
Դրանց համաձայն, ԱՄՆ-ում 18-ից բարձր տարիք ունեցողը միջին հաշվով օրական համացանցում անցկացնում է 5 ժամ և 9 րոպե: Դա 16 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ:
Միևնույն ժամանակ մեկ տարվա ընթացքում 2.5 տոկոսով նվազել է այն ժամանակահատվածը, որն ամերիկացիներն անցկացնում են հեռուստացույցի առջև՝ օրական 4 ժամ և 31 րոպե:
Ամերիկացիները սկսել են մեկուկես անգամ երկար օգտագործել պլանշետներ ու սմարթֆոններ՝ 2 ժամ և 21 րոպե: Ստացիոնար համակարգիչներով ու նոթբուքներով համացանցում անցկացնելու ժամկետը պարբերաբար նվազում է: Ներկայումս այն կազմում է 2 ժամ և 19 րոպե: Եվս 36 րոպե համացանցում անցկացնում են այլ սարքերով: