Հրաչյա Հարությունյանի ընտանիքը նրանից լուր չունի, ՌԴ-ում գտնվող եղբայրը չի կարող տեսակցել Հրաչյային
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ ակամա պատճառ հանդիսացող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր ընտանիքը լուր չունի:
Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցել է նրա դուստր Լիլիթ Հարությունյանը` այս ամբողջ ընթացքում չի հաջողվել ընտանիքի անդամներից ու բարեկամներից ինչ-որ մեկին նույնիսկ հեռախոսով Հրաչյա Հարությունյանի հետ զրուցել՝ չնայած որ դեպքին հաջորդող օրերին տարբեր խոստումներ են եղել այդ մասին:
Լիլիթ Հարությունյանն ասել է, որ փաստաբանի հետ եւս նրանց զրուցել չի հաջողվում:
«Մենք փաստաբանի հետ անցած շաբաթ հանդիպեցինք, երբ նա Հայաստանում էր, ՄԻՊ գրասենյակն էր նախաձեռնել, մենք հույսեր կապում ենք Ռուբեն Մարգարյանի հետ, նույնիսկ մտածում ենք, որ հնարավոր է արդարացնեն հայրիկին: Բայց միայն խնդիրն այն է, որ մեզանից ոչ ոք չի խոսել նրա հետ, նրա ձայնը չենք լսել եւ սպասողական ու անհանգիստ վիճակում ենք»,-ասել է Լիլիթ Հարությունյանը:
Նա ասել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի եղբայրը մեկնել է Մոսկվա, որպեսզի հանդիպի նրա հետ, սակայն եղբորը տեսակցել ոչ մի կերպ չի հաջողվել:
«Հորեղբայրս այնտեղ է, բայց նա չի կարող ոչ մի կերպ հանդիպել, հանդիպումը չի ստացվում, տեղյակ չեմ նաեւ՝ նա հանդիպե՞լ է արդյոք փաստաբանին, բայց մենք անհանգիստ ենք հենց նրա համար, որ զրուցել անգամ չի հաջողվում»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նա ներկայումս գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 15-ին Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով, դատարանի դահլիճ էր բերվել կանացի ծաղկավոր խալաթով, ինչը ՌԴ սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համապատասխան դրույթներով մարդու արժանապատվությունը նսեմացնող հանգամանք է, որն արժանացավ հայ հասարակության դժգոհությանը: