Բաժիններ՝

Քաղաքապետարանի մոտ նստացույց անող տղաները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Ըստ ԳԱԼԱ-ի այսօր քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում Գոռն ընթերցել է իրենց դիմումը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Տղաները ներկայացրել են նստացույցի համար ոչ հարմար պայմանները, որոնք իրենց համար ստեղծել է քաղաքապետարանը, ինչպես նաև Անդրեասյանի լիազորությունների շրջանակը, որը ենթադրում է տղաներին օրենքի շրջանակներում օգտակար լինելը:

Թղթակիցը փորձել է ճշտել, թե արդյոք Կ. Անդրեասյանը նստացույցի ընթացքում այցելե՞լ է տղաներին, որին ի պատասխան Վահագն Մինասյանն ասել է, որ մեկ անգամ բավականին ուշ ժամի զանգահարել է, հարցրել, թե արդյոք նրանք ունեն իր կարիքը և եթե այո, ապա հենց այդ ժամանակ կայցելի, սակայն տղաներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է և իրենց այցելելու անհրաժեշտություն չկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանությունը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրենց պահանջն այն մասին, որ պաշտոնանկ արվեն Հենրիկ Նավասարդյանն ու Միսակ Համբարձումյանը, անհիմն են համարում, Սուրեն Սահակյանն ընթերցել է ՀՀ սահմանադրությունից իրենց կողմից առանձնացված այդ հիմքերը: Մասնավորապես ՀՀ սահմանադրության 42 հոդվածով ամրագրված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ Միսակ Համբարձումյանն ու Հենրիկ Նավասարդյանը անցել են օրենքով իրենց թույլատրելի արարքների սահմանը:

Տղաները ԳԱԼԱ-ի հետ զրուցում նշել են նաև, որ ամենայն հավանականությամբ այսօրվա ընթացքում պատրաստ կլինի իրենց ընկերների կատարած «ծաղկաքաղը», որում ակնհայտորեն երևում են Նավասարդյանի և Համբարձումյանի ապօրինությունները և ասել են, որ այն կտեղադրեն համացանցում:

Թղթակիցը փորձել է պարզել նաև, թե ի վերջո ոստիկանները վերադարձրել՞ են ակտիվիստ Անի Կաղինյանին պատկանող վրանները, որոնք, ըստ ակտիվիստի, «գողացել էին» իրենից, սակայն պարզվեց, որ դեռ չեն վերադարձրել, ուստի Անին պատրաստվում է նորից դիմել փոխոստիկանապետ Օսիպյանին:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի դիմաց դրված բադիկներին, որոնք դարձյալ «գողացվել են», Սուրենը պատմել է, որ երբ իրենց վրանը տեղադրելու փորձի օրը նկատել են, որ դրանք չկան, դիմել են ոստիկաններին, ովքեր հրաժարվել են, որ իրենք են վերցրել, հետո ասել, որ վերցրել են հավաքարարները, սակայն հետագայում, երբ տղաներն ուշադիր նայել են նկարները, տեսել են, որ բադիկները վերցնում են հենց ոստիկանները: «Գուցե ոստիկանների մեջ արտահաստիքային աշխատող հավաքարարներ կան»,- խոսքը եզրափակել է Սուրեն Սահակյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս