
Սիրիայի քրդերն Անկարային մեղադրել են Սիրիայում գործող իսլամիստներին զինելու մեջ

Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մուսլիմն Անկարային մեղադրել է Սիրիայում գործող իսլամիստներին աջակցելու մեջ.
«Թուրքիան շարունակում է աջակցել «Ալ-Քաիդայի» հետ կապված և Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ մարտնչող խմբավորումներին՝ չնայած Թուրքիայի պաշտոնատար անձանց այն հայտարարություններին, թե այդ խմբավորումները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգությանը:
Ականատեսների վկայությամբ, օգոստոսի 2-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Գազիանթեփ նահանգի Քարքամըշ անցակետի միջոցով զենքի ու զինամթերքի մատակարարումներ են իրականացվել Սիրիա:
Ավելի ուշ զենքը բերվել է արաբական գյուղեր, որոնք գտնվում են քրդաբնակ Քոբանի (արաբական անվանումը՝ Այն ալ-Արաբ) քաղաքի մերձակայքում: Ամենայն հավանականությամբ, դա արվում է քաղաքի վրա հարձակվելու նախապատրաստության համար: Հաջորդը կլինի Քոբանին: Անհասկանալի է, թե ինչպես է Թուրքիան թույլատրում դա:
Եթե Թուրքիայի համար «Ջաբհաթ ալ-Նուսրան» թշնամի է, ապա պետք է կանխվի դա: Հուլիսին ես մեկնեցի Թուրքիա, որի ժամանակ թուրք ներկայացուցիչները խոստացան միջոցներ ձեռնարկել կանխել «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների մուտքը Թուրքիայից Սիրիա, ինչպես նաև ճնշում գործադրել Սիրիական ազատ բանակի վրա՝ նրանց մեկուսացնելու համար:
Ես շարունակում եմ հավատալ, որ Թուրքիայի կառավարությունը տրամադրված է բարյացակամ, և որ այդ խմբավորումներին աջակցել շարունակում են մի շարք «խորքային ուժեր»՝ առանց կառավարության համաձայնության: Ես չգիտեմ, սակայն անկասկած է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրան» շարունակում է թուրքական սահմանից ստանալ զենք»:
Սալեհ Մուսլիմը հավելել է, որ երբ ինքը Ստամբուլում հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնատար անձանց հետ, միևնույն ժամանակ Գազիանթեփի հյուրանոցներից մեկում հավաքվել են Սիրիական ազատ բանակի 70 հրամանատարներ ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» անդամներ, որոնք պլաններ են մշակել քրդերին ոչնչացնելու ուղղությամբ: Սալեհ Մուսլիմը մեծապես կասկածում է, որ Թուրքիայի ղեկավարությունն անտեղյակ է եղել տվյալ հանդիպումից: