«Վավերագրական հեռուստասերիալ նկարահանելու բարդությունը կայանում է նրանում, որ նայում ես մահվան աչքերի մեջ»
Ռեժիսոր Վահե Յանն արդեն մի քանի ամիս է` ապրում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Մոսկվայում: 2013 թվականի սկզբին նա ստացել է վավերագրական հեռուստասերիալ (Doc-reality) նկարահանելու առաջարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ռեժիսորը:
Վերջինիս խոսքով` այս ոճը նոր է ներմուծվել Ռուսաստան, նույնիսկ Կաննի կինոփառատոնում այս ոճի ներկայացումներ դեռևս չեն եղել:
Վահե Յանը պատմում է, որ իրեն տվել են գործող սերիալ, որի նկարահանումները դադարեցվել էին ռեժիսոր չգտնելու և թեմայի յուրահատկության պատճառով:
«Ամեն մեկն այս թեմայով չի կարող աշխատել, հոգեբանորեն դժվար է: Սկզբում չգիտեի` դա ինչ է, որովհետև մեր երկրում այն չկա, հետո, երբ եկա այստեղ, հասկացա, որ «հոսփիս» հասկացողությունը տարածված է Ռուսաստանում և արևմտյան երկրներում: Դա բժշկական հաստատություն է` հիվանդանոցի նման, որտեղ իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում քաղցկեղով հիվանդ մարդիկ: Հոսփիսը չի բուժում, այն ցավազրկում է, այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի մարդն առանց ցավերի հեռանա կյանքից: Այստեղ գալիս են այն հիվանդները, որոնք այլևս ոչ մի հույս չունեն: Մենք այդ մարդկանց ճակատագրերի մասին ենք նկարահանում` նրանք երազանքները, ափսոսանքներն ու հիշողությունները, նրանց փիլիսոփայությունը մահվանից առաջ»,- մանրամասնում է ռեժիսորը:
Խոսելով վավերագրական հեռուստասերիալ նկարահանելու դժվարությունների մասին` Վահեն ասում է. «Նմանատիպ սերիալ նկարահանելու բարդությունը կայանում է նրանում, որ նայում ես մահվան աչքերի մեջ: Նկարահանում ես մարդկանց, որոնք մահվան շեմին են: Սա գեղարվեստական ֆիլմ չէ, և նկարահանվողներն էլ դերասաններ չեն: Այստեղ ամեն ինչ իրական է»:
Հավելենք, որ սերիալը, նախնական տվյալներով՝ եթեր է հեռարձակվելու աշնանը` Russia Today հեռուստաալիքով: