Ռուս-ադրբեջանական գաղտնի բանակցությունները մտել են փակուղի, խորհելու համար Բաքվին տրվել է 10 օր ժամանակ. Yeni Musavat

Ադրբեջանական Yeni Musavat թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև նկատվող ջերմացման գործընթացը մտել է փակուղի: Բաքուն պարտավորվել է կատարել Կրեմլի մի շարք պահանջներ և համառություն է ցուցաբերում միայն մեկ հարցում: Խոսքը Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցելու մասին է:

Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի կառավարական շրջանակներում նրա հավաստի աղբյուրը, որի համար մատչելի են Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերը: Աղբյուրի հաղորդմամբ` Եվրասիական միությանն անդամակցելու հարցում Ադրբեջանի համառությունը հարուցել է Պուտինի վարչակազմի զայրույթը:

Աղբյուրի պնդմամբ` եթե Ադրբեջանը չանդամակցի Եվրասիական միությանը, ապա վերստին կսրվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները և տեղի չի ունենա Վլադիմիր Պուտինի պլանավորված այցը Բաքու:

Գաղտնի տարվող ռուս-ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի, և Կրեմլի ներկայացուցիչները խորհելու համար պաշտոնական Բաքվին հատկացրել են 10 օր: Եթե Ադրբեջանը չմտնի Եվրասիական միության մեջ, ապա Իլհամ Ալիևի կառավարությունը ոչ միայն չի ստանա Ռուսաստանի աջակցությունը, այլև` կբախվի նոր խնդիրների:

Ամենաագրեսիվ ձևով կիրականացվեն «Միլիարդատերերի միություն» նախագիծը և դրան առնչվող այլ նախագծեր: Ավելի վաղ քանիցս հայտարարվել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հարցում միացրել է այդ երկրի վերադարձի «սպասողական ռեժիմ»:

Եթե Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չբավարարեն Կրեմլի հավակնությունները` կապված Կասպից ծովի, Ղարաբաղյան հակամարտության կարգավոման ու Եվրասիական միությանն անդամակցելու հետ, ապա Ռուսաստանը կփորձի այդ երկրում ձևավորել նոր կառավարություն, որը կապահովի այդ ամենը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Իլհամ Ալիևը հուլիսի 31-ին մասնավոր այցով մեկնել է Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս