Գյումրիի թշվառության դեմքը՝ «Ֆանտաններ» թաղամասից (լուսանկարներ)
asparez.am-ի փոխանցմամբ՝ կառավարական մակարդակի հավաստիացումները, թե Գյումրիում անօթևանության խնդիրը լուծվում է ու տնակներում ապրելու կենսակերպը աստիճանաբար տեղի է տալիս, մեղմ ասած, ֆանտաստիկայի ժանրից է: Ըստ կայքի՝ բավական է շրջայց կատարել քաղաքից կտրված, անտեսված ու ծայրամասային թաղերում, որպեսզի ուրվագծվի աղքատության, թշվառության ու տնակային ապրելաձևի մի չնչին պատկերը միայն:
Սավոյան թաղամասը՝ Գյումրու հյուսիսում, կիսաքանդ շենքերի, թիթեղյա տնակների, քանդված ու փոշառատ փողոցների թշվառությամբ, ճանաչելի է գյումրեցիների մեծ մասին: Սակայն քչերը գիտեն, որ «ֆանտաններում» մարդիկ դատապարտված են ոչ միայն խարխուլ ու գլխիդ փուլ եկող տնակներում ապրել, այլև տարրական կոմունալ պայմաններն անգամ այստեղ բացակայում են: Ըստ asparez.am-ի՝ բնական գազ թաղում չի եղել 88-ի աղետից ի վեր, սակայն կապույտ վառելիք ունենալը 25 տարի ժամանակավոր համարվող տնակների բնակիչների համար հիմա էլ իրատեսական չէ, փողոցային լուսավորություն ունենալը երզանաք է, իսկ բարեկարգ փողոցների հեռանկարը՝ վաղուց ի վեր՝ անհավանական:
1. Առավոտյան ժամը 6-ից սկսած՝ թաղն ապրում է ետերկրաշարժյան տարիների հերթագոյացությունների կենսակերպով: Մոտ 100 հոգոնոց հերթերը սակայն ոչ թե խանութների մոտ են, ինչպես տարիներ առաջ էր, այլ թաղի միակ աղբյուրի, որին բնակիչները կատակով «Հեղնար» անվանում են տվել:
2. Թաղի այս բնակիչները փայտե սյուներով ամրացրել են կախված առաստաղը: Անձրևային եղանակներին գունագեղ տաշտերից զատ՝ տանն ավելանում է նաև առաստաղի փուլ գալու հավանականությունը:
3. Արժի քաղաքի շարժական զուգարաններից մեկը նվիրել թաղին:
4. Կիսաքանդ շենքի միակ բնակիչը 4-րդ հարկում է ապրում: «Տանը» չէր մեր այցելության պահին:
5. Ամիսներ կուտակված աղբը օրերս է հեռացվել, «Ասպարեզի» ահազանգից հետո: Հիմա նույնիսկ աղբարկղ կա:
6. Ուրախ ու տխուր լուր: Վերջապես: Սավոյան փողոցի սկզբնահատվածը ասֆալտապատվում է: Մարդիկ այստեղ կարծում են, որ եթե Արյան փոխներարկման կայանի տեղում դիահերձարան կառուցելու միտքը չլիներ, այս փողոցը դեռ երկար ժամանակ էր այնպիսի փոսերով մնալու, որ մեքենաները շարունակեին որոշ հատվածներում մայթերով երթևեկել: