Արգիշտի Կիվիրյան. «Ես չեմ պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինությունների առաջ»

Երեկ ոստիկանության կողմից բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժնում հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել, սակայն պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր ապօրինություններ են թույլ տվել իր նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ տրանսպորտի գնի թանկացման դեմ նախաձեռնության ընտրած պայքարի ձևին՝ նստացույցին, ինքը կողմ չէ. այն անարդյունավետ է համարում: Սակայն ցանկանալով օգնել պայքարող երիտասարդներին՝ նրանք որոշել են  վրաններ տեղադրել Երևանի քաղաքապետարանի դիմաց. ոստիկանությունը, սակայն, դա անել թույլ չի տվել:

«Մոտավորապես 12:15-ի, 20-ի սահմաններում ոստիկանությունը միանգամից հարձակում գործեց այդտեղ հավաքված քաղաքացիների վրա: Մասնավորապես, իմ կապակցությամբ ժամը մոտավորապես 12:20-25-ի սահմաններում ավելի քան 10 ոստիկաններ ապօրինի կերպով ինձ զրկել են ազատությունից, կարելի է ասել՝ առևանգել են և իմ գույքին պատճառել են վնասներ, ինչպես նաև ինձ են պտճառել վնասցածքներ և ապօրինի կերպով իմ կամքից անկախ ինձ տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին: Նշեմ, որ իմ կողմից չի իրականացվել օրենքի որևէ խախտում, չի կատարվել որևէ հանցանք կամ զանցանք, ինձ չեն բացատրվել իմ իրավունքները և այդ կապակցությամբ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Առավել քան 3 ժամ 20 րոպե ինձ ոստիկանությունում ապօրինի կերպով պահելուց հետո ինձ բաց են թողել մոտավորապես 3:40-45-ի սահմաններում»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նա հավելեց, որ ունի փաստաբաններ, որոնք կներկայացնեն իր շահերը և կկատարեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր իրավունքների վերականգնման և մեղավոր անձանց պատժման ուղղությամբ: «Պարզ է, որ ես չեմ պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինությունների առաջ»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ ակցիայի ժամանակ իր ձեռքին եղել է բարձրախոս, որը ևս վնասվել է:

Խոսելով տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասին՝ Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ այն ինչ-որ պահի պետք է տրանսֆորմացիայի ենթարկվեր. այն պեոք է կարողանար ձևավորել հասարակական դիմադրության շատ ավելի լայն շարժում. «Եթե դա տեղի ունենար, ինքը կունենար կենսունակություն»:

Ակտիվիստ Անի Կաղինյանն էլ ասաց, որ ոստիկանությունը գողացել է  իր երկու վրանները. «Ոստիկանությունը գողացել է իմ երկու ոստիկանները: Պարոն Օսիպյանը հրապարակային ձևով խոստացել է վրանները վերադարձնել, սակայն մինչև հիմա ոչ մի արձագանք չկա: Հուսով եմ, որ կվերադարձնեն»: Անի Կաղինյանը կարծիք հայտնեց, որ բողոքի ալիք կբարձրանա նաև նոյեմբեր ամսին, երբ քաղաքացին էլեկտրաէներգիայի և գազի համար կվճարի բարձրացած սակագնով և իր գրպանի վրա կզգա փոփոխությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս