Արմեն Մարտիրոսյան. Բոլորս շատ կարճ ժամանակահատվածում պետք է համախմբվենք

«Այո´, կհանդիպենք օգոստոսի 23-ին` անկախության հռչակագրի օրը` Ազատության հրապարակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» հաջորդ հանրահավաքի մասին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մինչ այդ մենք շարունակելու ենք մեր պայքարը և մեր զորակցությունն ազատամարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս օրերին ևս պայքարի մեջ են` ցանկացած օր, ցանկացած ժամի, և փորձելու ենք համատեղ երկրում փոխել իրավիճակը»,- նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսին և դրանից հետո վերջինիս հասցեին հնչող քննադատություններին` կարծիք հայտնելով, թե դրանք «ուղղորդված են»:

«92 թվականից սկսյալ` մինչ այժմ, ասում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս քաղաքականությունից, ոչինչ չունի անելու, բայց պատմությունը բոլորովին այլ բան ցույց տվեց` Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես եղել է, այնպես էլ մնում է քաղաքական դաշտի ակնառու գործիչներից մեկը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով ս.թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեների մասին: «Անկախ նրանից, որ կեղծիքների արդյունքում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, միևնույն է, հասարակությունն իր վստահության քվեն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին և դրանով նաև մեծ պատասխանատվություն է դրել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ սա երկարատև պայքար է, մեկօրյա պայքար չի լինելու, և թեև շատերը ֆիքսվում են ապրիլի 9-ի վրա, բայց, կարծում եմ, արդարության համար ճիշտ կլինի մեջբերեք պարոն Հովհաննիսյանի խոսքերը` «ես միայնակ չեմ կարող փոփոխություններ իրականացնել, ես պատրաստ եմ այս պայքարն իրականացնել բոլորիդ հետ, և այս պայքարը մեկօրյա պայքար չէ»»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև չհամաձայնեց «Ժառանգության» հասցեին հնչող այն քննադատություններին, թե կուսակցությունը վերջին հասարակական զարգացումների ժամանակ ակտիվություն չի ցուցաբերում:

«Որևէ մեկը չի ցանկանում հիշել, որ նույն «Ժառանգության» անդամները մասնակցում էին գազի թանկացման դեմ նախաձեռնությանը… Որևէ մեկն այսօր չի ուզում հիշել, որ, ըստ էության, տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքելու առաջին կոչերից մեկը կամ առաջին կոչն արել է հենց «Բարև, Երևան» դաշինք, որի կազմի մեջ շատ մեծ տոկոս է կազմում  «Ժառանգությունը»: Եվ «Ժառանգության» ներկայացուցիչները` ի դեմս «Բարև, Երևանի», մասնակցել են առաջին բողոքի ակցիային, որը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի առջև»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ «Բարև, Երևանն» օգտագործել է բոլոր լծակները, որպեսզի տրանսպորտի խնդիրը դառնա քննարկման առարկա, և հասարակական տրանսպորտը նորից վերադառնա իր նախկին սակագնին: «Այսինքն` «Ժառանգությունը» երբևիցէ պասիվ չի եղել, որ հիմա էլ ակտիվանա»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը»:

Իսկ երկրում ստեղծված իրավիճակի մասին «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ բոլոր ուժերը, անկախ քաղաքական ուղղվածությունից, ինչպես նաև հասարակության մյուս ներկայացուցիչները` անկախ մասնագիտությունից և հայացքներից, մտահոգվելու բան ունեն:

«Երկու օր առաջ նորից Լոռվա մարզում էի և այն, ինչ տեսել եմ, խորը մտահոգության տեղիք է տալիս, առավել ևս, երբ բոլորիդ համար այլևս հասանելի դարձան Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական տվյալները, որոնք շատ խոսուն են: Ուստի, կլինեն իշխանամետ ուժեր, կլինեն ընդդիմադիր ուժեր, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներ, շատ կարճ ժամանակահատվածում պետք է համախմբվենք, ոչ թե համախմբվեն մեր շուրջ, կամ մենք` ինչ-որ մեկի շուրջ, այլ բոլորով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, համախմբվենք կլոր սեղանի շուրջ` առանց որևէ մեկի կողմից նախօրոք գրված օրակարգի, ծրագրի: Այդ օրակարգը պետք է միասին գրենք և կյանքի կոչենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս