Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արտակ Նազարյանի գործով դատավճիռը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել նրա 5 ծառայակիցները։

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, 3 տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Նազարյանի գործը քննեց այսպես կոչված վճռաբեկության կարգով՝ բավարարվելով ընդամենը կողմերի բերած բողոքների հրապարակմամբ։ Գործում առկա ապացույցները չհետազոտվեցին, վկաներ չկանչվեցին, որևէ նոր փորձաքննություն չնշանակվեց: Մինչդեռ, գործով տուժող կողմն ու 5 ամբաստանյալներից երկուսը Վերաքննիչ դատարան դիմելու ժամանակ պահանջել էին արդարացնել ամբաստանյալներին ու նոր դատաքննություն անցկացնել։

30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Համաձայն պաշտոնական վարկածի՝ 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ի առավոտյան: Նրա հինգ ծառայակիցները մեղադրվում են ինքնասպանության դրդելու մեջ։ Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը:

Գործով թե տուժող, թե պաշտպանական կողմերը համոզված են, որ եթե բավարարվեին իրենց միջնորդություններն ու դատարանը հետազոտեր գործում առկա բոլոր հանգամանքները, ապա պարզա կդառնար, թե իրականում ինչ է տեղի ունեցել ։ Նազարյանի հարազատները բազմիցս են հայտարարել, որ սպանություն է տեղի ունեցել։ Նրանք բազմաթիվ հանգամանքներ էին վկայակոչում՝ պնդելով իրենց տեսակետն ու հայտարարելով, որ մեղադրյալի աթոռին հայտնված 5 զինվորները մեղավոր չեն Նազարյանի մահվան մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս