Քաղաքի 70 տոկոսն, այնուամենայնիվ, արվամոլներ չեն
Համասեռամոլների կողմից սուտ մատնության վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալներ «Սոնան» և «Մաշան» հերքեցին մեղադրանքը և պնդեցին «հանցագործության մասին հաղորդման» մեջ նշած հակադարձ մեղադրանքները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ ամբաստանյալ «Սոնայի», «կասկածելի «Օպել» մակնիշի» մեքենայի 4-5 հարբած ուղևորներ ծաղրում էին իրենց, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ապա իրենից խլեցին կլատչը՝ դատարկելով պարունակությունը՝ շպարի, այլ պարագաներ, 200 դոլար, «ղժժալով հետ շպրտեցին» դատարկ պայուսակը: Եվս 2000 դրամ դրել էր «լիֆչիկիս արանքը»:
Ըստ ամբաստանյալի, սա գողության առաջին դեպքը չէ, դրա համար այլևս պայուսակ չի կրում: Ըստ նրա, ավանդական կողմնորոշման տղամարդիկ վազեցին իրենց հետևից և միանշանակ կծեծեին իրենց, եթե «մենք չփախչեինք»: Մրցավազքը սկիզբ է առել հանրահայտ Կոմայգու մեջտեղից ընդհուպ մինչև Շիրակ հյուրանոց՝ անգամ բարձրակրունկ կոշիկներով իրեն հաջողվել է գեր հետապնդող տղամարդուց խուսափել:
Ըստ ամբաստանյալի, ոստիկանության բաժնում իրենցից մինչև ժամը 04-ն հայտարարություն չէին ընդունում, ասում էին՝ ծանոթ տղերք են, մի բարդացրեք, և «գործը ֆռռացրին մեր վրա»: Գործի նյութերում մի քանի տեղ, ըստ ամբաստանյալի 200 դոլարի փոխարեն նշել է 2000` շփոթվել է, քանի որ գտնվել է սթրեսային վիճակում: Ըստ ամբաստանյալի, իրենց դեմ հանիրավի հարուցված քրեական գործի պատճառով չի կարողանում մեկնել Ֆրանսիա՝ ամուսնու մոտ, որի հետ Ինտերնետով է ծանոթացել:
Ըստ ամբաստանյալ «Մաշայի», 2012թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 23.20 «իջել է աշխատանքի», մերձակայքում «երկու ժամ «Օպել» էր ֆռռում»: Ըստ նրա, ավելի վաղ «աշխատանքի» եկած «ընկերուհիները» ասել էին՝ զգուշացեք, սակայն «ո՞ր մեկից զգուշանանք՝ քաղաքի 70 տոկոսի՞ց»:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով վկա «ՕՊեԼ»-ի վարորդը, ով հայտնեց, որ Կոմայգու մոտ «կայանել են» մեքենայի անսարքության պատճառով: Նա հայտարարեց՝ «մատով չենք դիպել, չենք հետապնդել, չենք գողացել»: Վկան միանշանակ ասում էր, որ համասեռամոլները հենց միջադեպի վայրում էին գոռում՝ գողություն, սակայն ոչինչ, այդ թվում՝ մահակ և փող, իրենց մեքենայում չհայտնաբերվեց: Դեպքի վայրում գողության մասին բարձրաձայնելու մասին վկայի պնդումները հակասում էին մի շարք վկաների, մասնավորապես, նախաքննական ցուցմունքներին, որոնցում նշվում էր, որ գողության հարցը բարձրացվել է ոստիկանության բաժնում:
Դատարանում հրապարակվեցին նաև «ՕՊԵԼ»-ի մյուս երկու ուղևորների նախաքննական ցուցմունքները՝ վկաները գտնվում են Ռուսաստանում: Այդ վկաներն ևս հայտնել էին, որ «չենք վիճել, որևէ բան չենք հափշտակել, չենք հայհոյել, չենք ծաղրել, այդ օրը ոգելից խմիչք չենք օգտագործել»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը ևս երկու վկայի հարցաքննելու մասին՝ ըստ կողմի «Մագան» և «Մադոննան» ևս գտնվել են դեպքի վայրում և կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել: Վկաները կհարցաքննվեն օգոստոսի 14-ի դատական նիստում: