Հայտարարություն՝ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ.
«ՀՀ զինված ուժերում 2013 թ. հունիս- հուլիս ժամանակահատվածում մեր կողմից արձանագրվել են 20 մահացության դեպքեր, որոնցից միայն 2-ն է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:
Մահվան դեպքերից յուրաքանչյուր 4-ից մեկը, ըստ նախնական տվյալների, որակվել են որպես ինքնասպանություն: Նկատենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել է մահացության 5 դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակմամբ:
Հաշվի առնելով, որ մինչ այժմ այսպես կոչված ինքնասպանություն որակմամբ մահացության դեպքերով նախաքննական մարմինների կողմից իրականացված քննության որակը, գործադրված միջոցների անարդյունավետությունը, հիմնավոր կարծիք ունենք առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրական և արդյունավետ ջանքեր չի գործադրում կանխելու մահացությունների շարանը կամ գործադրված ջանքերը, որի մասին բազմիցս հայտարարվում է պաշտոնական գերատեսչության կողմից՝ ունեն ձևական բնույթ:
Գտնում ենք, որ մահացության դեպքերով քննությունները չեն իրականացվում օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ, ուղեկցվում են վկաների նկատմամբ ճնշումներով, բռնություններով և ապօրինի այլ գործողություններով: համակարգային խնդիրները կրկնվում ն մակացության ամն մի դեպքով իրականացված ծառայողական նյութերում:
Գտնում ենք, որ մահացության դեպքերը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգային, արմատական փոփոխություններ, որոնք
- պետք է միտված լինեն պաշտպանական գերատեսչության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ ինստիտուտների ներդրմանը և նրանց հզորացմանը
- ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության և թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը ,
- Ձևական մոտեցումները ոչ միայն անարդյուավետ են, այլև արժենում են մարդկային կյանքեր, որի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պաշտպանական գերատեսչությունը հանձինս ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի, այլ նաև զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը և նրա պետը ՝ Գ. Խաչատուրովը:
Կոչ ենք անում յուրաքանչյուր մահացած զինվորի ծնողներին շարունակել հետևողական լինել իրենց որդիների գործերով պատշաճ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում:
Ամեն մի անհետևողականությունը թեկուզ մեկ մահացության դեպքով գործի քննության նկատմամբ նպաստում է նոր մահացության դեպքերին»:
Վանաձոր 2013 թ. օգոստոսի 1