
Դատարկման վտանգի առջև. արտագաղթը գերազանցում է 100 հազարը

2013թ. հունվար-հունիսին ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների համաձայն` ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 1 մլն 939 հազար ուղևորություն: Ուղևորափոխադրումների հաշվեկշիռը (մուտքերի և ելքերի տարբերությունը) 2013թ. հունվար-հունիսին կազմել է -95 հազար ուղևորություն:
Սակայն միայն ՀՀ քաղաքացիների մասով բացասական սալդոն ավելի մեծ է՝ 106,233: 2013 թ. հունվար-հունիսին Հայաստան մուտք է գործել 298,146 ՀՀ քաղաքացի, իսկ մեկնել՝ 404,379:
2012 թ. առաջին կիսամյակում իրավիճակը համեմատաբար ավելի բարվոք էր. Հայաստան եկել էին 440,047 ՀՀ քաղաքացիներ, մեկնել՝ 513,498, իսկ բացասական սալդոն 73,451 էր:
Այն հանգամանքը, որ այս տարի հունվար-հունիսին շատ ավելի քիչ ՀՀ քաղաքացիներ են եկել հայրենիք, ամենայն հավանականությամբ, արտագաղթի հետևանքն է, քանի որ ընտանիքներով հեռացածներն այլևս կարիք չունեն Հայաստան ետ գալու: