Բաժիններ՝

Տնտեսության լճացում է գնում. Վահագն Խաչատրյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները մոտ 20%-ով ավելի շատ հարկ են վճարել (ընդհանուր՝ 313 մլրդ 804 մլն դրամ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (261 մլրդ 888 մլն դրամ): Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հարկային մուտքերի 35%-ը կամ 109 մլրդ 971 մլն դրամն ուղղակի հարկերն են, իսկ 49.7%-ը կամ 155 մլրդ 972 մլն դրամը՝ անուղղակի հարկերը, մնացածը՝ հաստատագրված վճարներն, այլ հարկեր ու տուրքերն են: Անուղղակի հարկերի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի մեջ մի փոքր մեծացել է։

Ի՞նչ պատճառով է տեղի ունեցել ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցության փոփոխությունը: Այս հարցին տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ ոչ մի որակական փոփոխություն չկա, և ուղղակի հարկերի ավելացումն օրենսդրական փոփոխության հետևանք է. հունվարի 1-ից օրենսդրական փոփոխության արդյունքում՝ եկամտահարկն ու շահութահարկը միացան եկամտային հարկի մեջ, արդյունքում՝ ուղղակի հարկերի բազան մեծացել է, անուղղակի հարկերինը՝ փոքրացրել: Այսինքն՝ անուղղակի հարկերի մի մասը կոչել են ուղղակի հարկ: Իրականում անուղղակի հարկերի նվազումը տոկոսային արտահայտությամբ է, գումարային փոփոխությունը մեծ չէ:

«Ընդամենը թվային խաղ է տեղի ունեցել, որակական փոփոխություն չի եղել»,- նկատեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ, եթե դա կապված լիներ տնտեսության մեջ փոփոխությունների հետ, լուրջ իրադարձություն կլիներ, և իշխանությունները վաղուց կթմբկահարեին այդ փաստը:

Ընդհանուր առմամբ, Վ.Խաչատրյանի դիտարկմամբ՝ «Ալեքս Գրիգ» ընկերության վճարած հարկերի 27%-ով նվազումն է հետաքրքիր. «Ներմուծումը պակասել է, որովհետև մարդիկ սկսում են քիչ սպառել, իսկ «Ալեքս Գրիգը», հասկանում ենք, «Երևան սիթիի» ներքին շրջանառությունն է պակասել: Ես հակված եմ այդ կարծիքին: Մենք ավելի շատ ենք զգալու, որ շուկան նեղանում, փոքրանում է, սպառման ծավալները մեծացնելու տարբերակ կառավարությունը չի գտել»: Տնտեսագետն օրինակ բերեց Ռուսաստանը, որտեղ տնտեսությունը նույնպես լուրջ խնդիրներ ունի, բայց ներքին սպառումը նպաստում է տնտեսության աճին, իսկ դա էլ տեղի է ունենում աշխատավարձի և թոշակների բարձրացման հաշվին: Դա ՌԴ քաղաքականությունն է, օրենսդրական ակտերով սահմանված է, որ գնաճը չպետք է բերի եկամուտների պակասի, դրա համար ինդեքսավորում է տեղի ունենում, ինչը Հայաստանում չկա. այս տարվա 5-6 ամսվա տվյալներով՝ աշխատավարձն ավելի դանդաղ է աճում, քան գները, և ՀՀ-ում ո՛չ աշխատավարձերի բարձրացում եղավ, ինչպես խոստացել էին, ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների: Առաջիկայում սա կբերի նրան, որ սպառման ծավալները կպակասեն, և, Վ.Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, դա է ազդել «Ալեքս Գրիգի» վրա:

Վ.Խաչատրյանի գնահատականով՝ անհանգստացնող են լեռնահանքային բնագավառի ցուցանիշները. «Արտաքին առևտրում, քանի որ աշխարհում գների անկում է լինում, այդ բացը փորձում են լրացնել էքստենսիվ ձևով արդյունահանման ծավալները մեծացնելով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր դիրքերը չի զիջել, և սա անհանգստացնող է: Իրականում այն քաղաքականությունը, որ իրականացվում է լեռնահանքային բնագավառում, անընդունելի է, որովհետև իրենք հնարավորին չափ ուզում են շահագործել այն, ինչ կա, ու հեռանկարի մասին չեն մտածում, թե 10, 20, 30 տարի հետո ինչ է լինելու մեր հարավի հետ՝ ԶՊՄԿ և դրա հետ կապված ամբողջ բնակչության և աշխատանքի հարցը, և շրջանի զարգացումն ինչ է լինելու»:

«ՀայՌուսգազարդի» հետ կապված հաշվարկները մի քիչ խառնվել են: Ըստ Վ.Խաչատրյանի՝ այս տվյալները գնահատելը բարդ է, քանի որ գազի գնի փոփոխության պատմությունը մի քիչ խառն է. ՊԵԿ-ը  ներկայացնում էր մի թիվ, կառավարությունն ասում էր՝ գինը չի բարձրացել, խոսվում էր, որ 180 դոլարը դարձել է 190, 200, 210 դոլար, և մինչև պաշտոնական թանկացումը 246 դոլար էր:

«Կարծում եմ՝ սա արտացոլված է այստեղ, և «ՀայՌուսգազարդի» հարկային վճարումները, ըստ էության, մնացել են նույնը: Ոչ թե 180 դոլարից է հարկ վճարել, այլ ավել գումարից: Այսինքն՝ կառավարությունը լրացուցիչ հարկ է ստացել, որը չէր նախատեսել բյուջեում, որովհետև ասվեց, որ գազի գինը չի թանկանում, հետագայում ներկայացվեց, որ հարկային պարտավորությունները կատարվել են: Սուտը պոչեր ունի, որոնք պետք է գտնել մինչև վերջ ու հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Ի վերջո, եթե դու հարկային պարտավորություններ կատարում ես, կամ բյուջեն հաշվում ես այլ բազայով, ապա ո՞ւր են գնացել այդ հարկերը: Եթե 100 %-ով հարկերը կատարվել են, ուրեմն ինչ-որ մի տեղ չի կատարվել: 2012-ին հարկային պարտավորությունները կատարվել էին, բայց ծախսերի մասով քիչ էին կատարվել: Հիմա գազի գնի պաշտոնապես բարձրանալուց հետո հետաքրքիր կլինի, թե ինչպես կկատարի: Եվ մի հարց է առաջանում՝ 2013 թ. բյուջեում գազի գնի բարձրացման հետ կապված հարկային ավելացումներ նախատեսվե՞լ են, թե՞ ոչ: Մինչև մայիսի 12-ը շատ խիստ տոնով մեզ արգելվում էր խոսել դրա մասին, ասում էին՝ շանտաժ ենք անում, բայց հետո պարզվեց, որ իրականում բարձրացել է»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ «Ֆլեշ» ընկերության հարկերի ավելացումը, հավանաբար, պետական պատվերների միջոցով դիզվառելիքի մատակարարման հաշվին է, իսկ նոր երևույթը, որ հայտնվել է խոշոր հարկատուների տասնյակում՝ «ԳեոՊրոՄայնինգ գոլդը», որը 1.5 անգամ հարկերի ծավալը մեծացրել է, հավանաբար, նոր տեխնոլոգիաներ է ներդրել, որովհետև ավելացումը մաքսայինի գծով է:

Վ.Խաչատրյանի գնահատականով՝ տնտեսության զարգացում չկա, առավել ևս, եթե գազի հետ կապված դիտարկումները հաշվի առնենք. «Ավելին՝ ես վտանգ եմ տեսնում, դա հեռակա ազդեցություն է ունենալու, քանի որ գազի սպառման ծավալները պակասելու են, և ընկերության եկամուտները կպակասեն: Նաև արտաքին առևտրի կառուցվածքն եմ նայում, չեմ տեսնում մի բան, որը, կարող եմ ասել՝ նպաստում է տնտեսության զարգացմանը: Հակառակը, մեզ մոտ իրականում տնտեսության լճացում է գնում, որ աշնան կողմն ավելի շատ կզգացվի: Հիմա մի քիչ ավելի ակտիվ սեզոն է, որին օգնում է գյուղատնտեսությունը, շինարարությունը պաշտոնապես չկա, ծառայությունների ծավալները կփոքրանան, առևտրի ծավալները ևս կփոքրանան, որովհետև իրականում բնակչության եկամուտների աճ չեմ տեսնում, որը կարող էր խթանող լինել: Այս ամենը պայմանավորված է մի բանով՝ ՀՀ-ում տնտեսությունը համակարգային փոփոխության կարիք ունի, որտեղ մրցակցություն չկա, որտեղ օրենքը չի գործում, այսինքն՝ ազատ շուկայական տնտեսության նորմերը չեն գործում, և սրանով է պայմանավորված, որ տնտեսության աճ չի կարող լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս