Գուրգեն Եղիազարյանը՝ Սուրեն Խաչատրյանի հանցագործությունների մասին
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին հրապարակվող բացահայտումներին՝ ասաց. «Գորիսի նախկին քաղաքապետը շուրջ 30 հանցագործությունների մասին հայտարարություն արեց: Իմ հարազատ մարզում, իմ հարազատ Գորիսում հանցագործություններ են կատարել, բացահայտ թալանի և մի շարք այլ դեպքերի մասին հայտարարեց: Կոնկրետ ասաց` նախկին մարզպետը՝ Լիսկան, էս ա թալանել, էս, գմբեթը վերցրել-բերել՝ տուն ա սարքել: Բայց ո՞վ բանի տեղ դրեց էս հայտարարությունները: Սրանց հիման վրա պետք է քրեական գործ հարուցվեր, նախաքննությամբ պարզվեր` էդպե՞ս է, թե՞ էդպես չէ: Բայց Աղվան Հովսեփյանին հարցրեք` քանի՞ քրեական գործ է հարուցել: Մարդը վտանգավոր, բայց խիզախ քայլ է արել, բաց հայտարարություն է արել կազմակերպված հանցագործության մասին` իր կյանքի հաշվին, այն էլ` ուղիղ մատնացույց անելով հանցագործներին»:
Հակառակ դեպքում, ըստ Գ. Եղիազարյանի՝ պետք է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցվեր` զրպարտելու համար. «Մի հատ էդ խուլերին հարց տվեք` բա դուք ինչի՞ համար եք: Մենակ նրա համար, որ ընդդիմադիրներին կեղծ մեղադրանքներով լցնեք բանտե՞րը»: