Սոցիալական բնակարանաշինությունը սպառողներ կունենա. Սամվել Թադևոսյան
ՀՀ քաղաքաշինության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները հանձնաժողով են ստեղծել և ուսումնասիրում են պետական միջոցներով սոցիալական բնակարանաշինության պահանջարկն ու հնարավորությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
«Սոցիալական բնակարանաշինությունը, իհարկե, սպառողներ կունենա, հիմա էլ է իրականացվում, օրինակ՝ Մարալիկում: Կիսավարտ շինություններ ունենք, որ պետք է ավարտին հասցվեն: Նոր որոշում է կայացվել, որի հիման վրա հանրապետությունով մեկ փորձում ենք տեսնել 60% և ավելի պատրաստվածության ինչ շենքեր կան, որպեսզի տնտեսման հաշվին ավարտին հասցնենք: Սոցնախարարությունը փորձում է ճշտել սոցիալապես անապահովների բնակարաններով ապահովման պահանջը, իսկ քաղաքաշինության նախարարությունն իր հերթին փորձում է ճշտել՝ ինչքան շենք կարելի է ավարտին հասցնել»,- ասաց Ս.Թադևոսյանը:
Նա դժվարացավ նախնական գնահատական տալ, թե սոցիալապես անապահովների և բնակարանի պահանջ ունեցողների թիվն ինչքան է:
Նախարարը չի կիսում այն կարծիքը, որ ըստ մարզերից ստացվող տպավորությունների, ոչ թե պահանջարկ կա, այլ առաջարկ, որը սպառող չի գտնում, օրինակ՝ մարդիկ արտագաղթում են ու ցանկության դեպքում էլ չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: