Բաժիններ՝

Բացակայություն, որը չի նկատվում

Հայտարարվում է, թե մայրաքաղաքում հուլիսի 20-ից բարձրացվելու է միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը 50 տոկոսով, և երկրի նախագահը նույն օրը, թողնելով մայրաքաղաքն անհանգիստ, լարված ու շփոթված, մեկնում է հանգստանալու: Կա՛մ նա վստահ էր, որ քաղաքացիական ընդվզում չի լինի, կա՛մ նրա համար միևնույն է` կլինի՞, թե՞ ոչ: Ընդ որում, նախագահականը հարկ չի համարում հարկատուներին, ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահել` ո՞ւր է մեկնել հանգստանալու երկրի նախագահը: Այս կոնսպիրացիան ստիպում է աշխատել մարդկանց երևակայությանը` այդ ի՞նչ` ոչ հրապարակման ենթակա վայր է մեկնել երկրի նախագահը` հանգստանալու` նախապես անհանգստացնելով մայրաքաղաքի ողջ բնակչությանը:

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը քաղաքապետարանի որոշումն է: Սակայն հնարավո՞ր է հավատալ, որ այն կայացվել է՝ առանց երկրի նախագահի համաձայնության: Ինչ-որ մեկը հավատում է, որ այս որոշումը քաղաքապետի նախաձեռնությո՞ւնն է: Որ նա իր անձնական պատասխանատվությա՞մբ է այն ընդունել: Դա հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ քաղաքապետարանը կպաշտպաներ իր որոշումն ու կհիմնավորեր այն: Այլ ոչ թե կպահպաներ այս լռությունը:

Մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է. իսկ քաղաքապետը, որքան հայտնի է, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Այս կուսակցության առաջնորդը հանգստանում է, ԱԺ նախագահը, ով ևս այս կուսակցության ներկայացուցիչ է, նույնպես մեկնել է հանգստի: Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` հանրապետության կանոնավոր կյանքի համար առաջին երկու պատասխանատուները հանգստանում են միասին: Մյուսները հանգստանում են իրենց աշխատասենյակներում:

Քաղաքապետը չի շտապում պատասխանել իրեն ուղղված հարցերին, քանի որ չգիտի` ի՞նչ ասել: Եվ ուղեվարձի թանկացումից զայրացած ու փողոց դուրս եկած մարդկանց մոտ են ուղարկվում ոստիկանները և քաղաքապետարանի երկրորդական պաշտոնյաները:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ երկրի նախագահը չի ընդհատում հանգիստը և չի վերադառնում անհանգիստ մայրաքաղաք: Որևէ ձևով արձագանքելով թանկացմանը կամ բողոքի ակցիաներին` նախագահը կընդգծի դրանց կարևորությունը, զանգվածային բողոքին կտա «սոցիալական բունտի» կարգավիճակ: Ինչն անել, ամենայն հավանականությամբ, չի պատրաստվում: Երկրի նախագահն իրեն ընտրողների, Երևանի բնակիչների առաջ պատասխանատու չի զգում, քանի որ նրանք, ովքեր այսօր 100 դրամ են վճարում տրանսպորտին կամ բողոքի ակցիային են մասնակցում, իրեն չեն ընտրել: Նրան ընտրվել օգնել են գծատերերը, որոնք ընտրությունների օրն ուղևորներին տեղափոխում էին բացարձակ անվճար և, ավելին, անգամ իրենց երթուղային նստելու համար 5000 դրամ էին վճարում:

Եվ երկրի նախագահի, և առաջին դեմքերի համար սա, խոշոր հաշվով, գծատեր-ուղևոր մակարդակ տեղափոխված հարց է:

Սակայն փողոց դուրս եկած երիտասարնդներն, իրենց միջոցներով անվճար երթուղայիններ վարձած մարդիկ, իրենց ավտոմեքենաներով ուղևորներին տեղափոխող մեր համաքաղաքացիներն այլևս երկխոսության այլ մակարդակ են պահանջում:

Եթե նկատել եք, բողոքի դուրս եկած մարդիկ, ովքեր չեն ընտրել ՀՀ նախագահի հանրապետական թեկնածուին, անգամ չեն էլ ակնկալում լսել նրա պարզաբանումներն այս առիթով: ՀՀ քաղաքացիները, փաստորեն, այնքան էլ չեն կենտրոնանում այն փաստի վրա, որ երկրի առաջին դեմքը հանրապետությունում չէ և նախապատվություն է տալիս հանգստի այն եղանակին, որը, չգիտես՝ ինչո՞ւ, ամեն անգամ նախագահականը թաքցնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս