Ախուրյանում տրանսպորտի ուղեվարձը թանկացրել են
Շիրակի մարզի Ախուրյան գյուղը հիմնվել է 1800-1805թթ. Արևմտյան Հայաստանի Բասեն, Կարս, Սեբաստիա, Ալաշկերտ գավառներից տեղահանված հայերի կողմից: Գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզի կենտրոնական մասում, հեռավորությունը մայրաքաղաքից 126 կմ է: Համայնքը սահմանակից է Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան, Կամո, Շիրակ համայնքների վարչական տարածքների հետ: Ախուրյան համայնքը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գյուղական համայնքն է:
Կան գործող դպրոցներ, Մոր և մանկան առողջության կենտրոն, հիվանդանոց, պոլիկլինիկա:
Չնայած այն հանգամանքին, որ Ախուրյանում գործում են կաթի վերամշակման և շաքարի գործարաններ` այնուամենայնիվ բնակիչների մի ստվար զանգված ևս դիմում է արտագաղթի: Հիմնական խնդիրներից մեկը կապված է կարտոֆիլի բերքի իրացման հետ: Կաթի մթերման գնի շարունակական տատանումները ևս գյուղացիներին դժգոհելու տեղ են տալիս:
Վերջին շրջանում գազի գնի հետ կապված իրարանցումներից խույս չի տվել նաև Ախուրյանը: Գյուղը Գյումրիին կապող միակ տրանսպորտային միջոցն անհատական տաքսիներն են, որոնց վարորդների մեծ մասը մինչև հուլիսի 7-ը գործող 100 դրամ ուղեվարձն ինքնագլուխ փոփոխել ու դարձրել են 150 դրամ: Բնակիչները դժգոհում են, քանի որ գյուղը քաղաքին կապող այլընտրանքային տրանսպորտ չկա, և դուրս է գալիս, որ վարորդները կարող են պարզապես չվերցնել այն ուղևորներին, որոնք ի սկզբանե բողոքել են ինքնագլուխ փոփոխությունների դեմ և չեն վճարել 150 դրամները:
Իհարկե, կան նաև վարորդներ, ովքեր ուղղակի լռում են, երբ ուղևորները չեն համաձայնվում վճարել 150 դրամ: Խնդիրը երկկողմանի է. կարելի է ընդունել և՛ վարորդների զայրույթը` կապված գազի գնի թանկացման հետ, և՛ բնակիչների բողոքները: Վարորդների համար ուղևորափոխադրումն ապրուստի միակ միջոցն է հանդիսանում, իսկ բնակիչների գրպանին ուղղակի համապատասխան չէ ուղեվարձերի 50 տոկոսով բարձրացումն այն դեպքում, երբ հստակ որոշում, կապված Շիրակի մարզում տրանսպորտային գների փոփոխության հետ, չկա: Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ լավ կլիներ, եթե սկսեին գործել Ախուրյան-Գյումրի գոնե 2-3 երթուղային տաքսիներ, այդ դեպքում և՛ այլընտրանք կլիներ, և՛ երթևեկությունը կկարգավորվեր: Նշենք նաև, որ մի քանի տարի առաջ Ախուրյան-Գյումրի երթուղայիններ կային, սակայն ներկայումս տրանսպորտային գործող միակ միջոցը տաքսին է:
Գյումրի