Ինչպես են հաղթում շարժումները. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ցանկացած շարժում՝ լինի դա ազգային-ազատագրական, քաղաքական, բնապահպանական, իրավապաշտպանական կամ, ինչպես հիմա է՝ «լոկալ» նպատակներ հետապնդող, հզոր է այնքանով, որքանով մարդիկ իրար լավ են վերաբերվում: Դա ռոմանտիկ երազկոտություն չէ՝ ապացուցված փաստ է:
Վերջին ամենահայտնի «դեպքն է» 2008 թվականին ձևավորված համաժողովրդական շարժումը, երբ ձևավորված շարժումը, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական և անձնական նախասիրություններից, անկեղծորեն ցանկանում էին, որ իշխանությունը չվերարտադրվի և երկրում իսկապես համակարգային փոփոխություններ լինեն:
Որքան խորացավ դավաճանների, «ականների», իշխանության գաղտնի գործակալների, «կոլլաբորացիոնիստների» փնտրտուքը, այնքան շարժումը թուլացավ և մարեց:
Խնդիրն այն է, որ պետք չէ խրտանեցնել քո կողմնակիցներին կամ պոտենցիալ դաշնակիցներին չափից դուրս նեղ շրջանակների մեջ դնելով՝ սահմանափակելով այն դոգմաներով և «մանտրաներ» հիշեցնող ձևակերպումներով, կարգախոսներով:
Պետք է ընդունել, որ նույն նպատակի համար մարդիկ կարող են պայքարել տարբեր ձևերով՝ իրենց մտածելակերպին և խառնվածքին համապատասխան: Մարդիկ պետք է հասկանան, որ յուրաքանչյուրն իր ընտրած եղանակով անում է միևնույն գործը, և պետք չէ իրար կշտամբել, թե՝ «ինչու դու չես անում այն, ինչ անում եմ ես», կամ «դու որտեղ էիր, երբ ես…» և այլն:
Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» և դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը և պահպանի տրանսպորտի նախկին սակագինը:
Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձևերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են ու ինչպես որ ճիշտ են համարում: Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»: Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելն ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: