Վանաձորցի և գյումրեցի աշակերտները պարգև կստանան հանրապետության նախագահից

Հունիսի 22-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության նախընտրական փուլը, որին մասնակցում էին Վանաձորի «Էվրիկա» դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտները:

Յուրաքանչյուր դպրոցից ընտրված 2-ական աշակերտները կարժանանան հանրապետության նախագահի պարգևին: Հաղթողներն են`«Էվրիկայի» աշակերտուհիներ Անժելա Ասլանյանը (12-րդ դասարան), Աշխեն Քոչարյանը (11-րդ դասարան) և «Ֆոտոն» վարժարանի աշակերտուհիներ Նաիրա Մաթոսյանը (11-րդ դասարան), Ալիսա Դավթյանը (10-րդ դասարան):

Մրցույթը հովանավորվում է «Սինոփսիս Արմենիայի» կողմից, որոնց ներկայացուցիչներն, ի դեպ, հանձնաժողովի կազմում մասնակցում էին աշակերտների ընտրությանը:

Վանաձորի «Էվրիկա» դպրոցը, որ հայտնի է հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած հաջողություններով, արդեն 4-րդ տարին է մասնակցում մրցույթին, և, տնօրենի փոխանցմամբ, մրցակցությունը ոչ թե տարբեր դպրոցների, այլ միևնույն դպրոցի աշակերտների միջև է, և նախընտրական փուլում դպրոցի 10 աշակերտից 2-ն անպայման ընտրվում ու մասնակցում են հետագա մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի կազմակերպվում է Անկախության տոնից` սեպտեմբերի 21-ից հետո: Տարվա լավագույն աշակերտներն ստանում են 100-ական դոլար դրամական պարգև, դիպլոմներ ու հուշանվերներ:

«Ըստ էության հետաքրքիր մրցույթ է անցկացվում, որովհետև ոչ այնքան ստուգվում են երեխաների մասնագիտական հմտությունները, այլ նրանց ընդհանուր զարգացվածության աստիճանը տարբեր ոլորտներում, նրանց մտածողությունը` ոչ ստանդարտ: Ասեմ, որ շատ ոգևորիչ է երեխաների համար, մեծ ստիմուլ է լինում հանրապետության նախագահի կողմից ստանալ այդ պարգևը, բացի այդ էլ նաև շատ բան են սովորում, կարևոր է շփումը այսպիսի մարդկանց հետ»,- ասում է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը:

Լոռի

Տեսանյութեր

Լրահոս