«Հյուսիս-հարավը» նոր տնօրեն ունի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի համաձայն քննարկվել և հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները և կնքվող պայմանագիրը:
Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձևավորման միջոցառումների ծրագիր: Ի գիտություն է ընդունվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2013 թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, ֆինանսների, արդարադատության և քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել լուծման առաջարկություններ:
Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը: Վարչապետ Սարգսյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես, կարևորել է կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը: