Տավուշի մարզի Դովեղ գյուղի վարելահողերի մեծ մասը գտնվում է հակառակորդի հսկողության տակ (լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղը չնայած բավականաչափ վարելահողեր ունի, սակայն բնակչությունը, մեծ հաշվով, դրանք չի մշակում: Պատճառն, ինչպես գյուղապետ Սամվել Գորգինյանն է ասում` սահմանին մոտ լինելն է: «Մեր գյուղը սահմանին շատ մոտ է, իսկ վարելահողերն էլ հակառակորդի նշանի տակ են, հենց մտնում ենք դաշտ, սկսում են կրակել, մարդիկ վախենում են»,- ասում է ադրբեջանական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի ղեկավարը: Սահմանամերձ Դովեղ համայնքն ունի շուրջ 700 բնակիչ, արտագաղթը կարծես թե դադարել է. «Ինչքան գնացել՝ գնացել են, հիմա էլ չեն գնում…»,- ասում է գյուղապետը:
Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող այս համայնքում թե անասնապահության, և թե հողագործության ոլորտում խնդիրներ շատ կան. եթե հողագործության մեջ խնդիրներ է ստեղծում հակառակորդը`վախի մեջ պահելով գյուղացուն, ապա անասնապահության առումով խնդիրը կաթնամթերքի իրացման հարցն է: Գյուղի դպրոցում նախորդ ուսումնական տարում սովորել է 103 աշակերտ, այս տարի թիվը կլինի 95: Հարկ է նկատել, որ Դովեղ համայնքը արևելքից 15 կմ երկարությամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հակառակորդը կրակի տակ էր վերցրել գյուղի կենտրոնում գտնվող մանկապարտեզը, կրակոցներից տուժել էր նաև գյուղացիներից մեկի մեքենան: Բարեբախտաբար, նման երկարաժամկետ կրակոցները չունեցան ողբերգական հետևանքներ, սակայն այն, որ Դովեղում կրակոցների ձայները միշտ են լսվում, փաստում են թե գյուղապետը, ու թե հասարակ դովեղցին:
Տավուշի մարզ
Լուսանկարները` հեղինակի