«Հայաստանը գնում է ինքնոչնչացման». Կարինե Դանիելյան
Տպավորություն կարող է ստեղծվել, որ տրանսպորտի թանկացումը փոքր հարց է: Բայց այն ընդվզումը, որտ ստեղծվել է հարցի շուրջ, հակառակն է ապացուցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` հարցն այնքանով է հրատապ, որ առաջ է եկել սոցիալական այսօրվա ֆոնին, երբ չկան աշխատատեղեր, աշխատավարձը քիչ է, իսկ արտագաղթի թվերն էլ աճում են: «Այս իրավիճակն ինձ խիստ անհանգստացնում է: Հայաստանը գնում է ինքնաոչնչացման, ինքնալիկվիդացիայի ճանապարհով»,- նկատեց Կարինե Դանիելյանն, ապա ավելացրեց, որ հասարակական տրանսպորտի թանկացումը կարող է արտագաղթի նոր ալիք դառնալ: Նա մեջբերեց մի քանի պաշտոնական տվյալ այն մասին, թե Հայատսնաից որքան մարդ է հեռանում, ապա շեշտեց. «Տարեկան 70-90 հազար մարդ երկիրը լքում է ամեն տարի։ Եվ մեկնում են հիմնականում երիտասարդները, որի արդյունքում բնակչությունը ծերանում է, սրա հետ մեկտեղ ծնելիությունը խիստ պակասել է: Մահացությունն աճել է 42 տոկոսով»: Անդրադառնալով երիտասարդների բողոքի ակցիաներին, Կ. Դանիելյանը կարծիք հայտնեց, որ ակտիվիստների շարժումը հույս է առաջացնում, որ անկախության սերունդը կարող է փոփոխություններ մտցնել երկրում: