Բագարանում արդեն 7 ամիս երթուղային տաքսի չի գործում
Սկսած հունվար ամսից՝ սահմանամերձ Բագարան գյուղից դեպի մարզկենտրոն Արմավիր աշխատող միակ երթուղային տաքսին չի աշխատում: Թեպետ սկզբում հայտարարվել էր, որ երթուղայինի չաշխատելը ժամանակավոր բնույթ է կրելու, սակայն ավելի ուշ գյուղացիներին հայտարարել են, որ գյուղը քաղաքից հեռու է, ծախսերը շատ են, օգուտը՝ քիչ, հետևաբար՝ իրենք այլևս չեն ցանկանում աշխատել:
Գյուղացիները պատմում են, որ առաջ իրենց համար դժվար էր գյուղից հասնել քաղաք. նախ՝ ընդամենը մեկ երթուղային տաքսի էր գործում, որի աշխատելու ժամերն այնքան էլ հստակ չէին ու անհարմար էին, բացի այդ, մինչև Արմավիր հասնելու համար յուրաքանչյուր անձը վճարում էր 500 դրամ:
«Իսկ եթե երեխեդ Երևանում է սովորում, ապա ևս 500 դրամ էլ պետք է վճարեինք, որ հասներ քաղաք: Տենց օրական 2000 դրամ մենակ մարշրուտկայի փող էինք տալիս: Հիմա, որ չկա, շվարել ենք, ոնց որ աշխարհից, մարդկությունից կտրված լինենք»,- ասում է գյուղի բնակիչ տիկին Մարինեն:
Բագարանի գյուղապետ Գևորգ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել է բազմաթիվ գերատեսչությունների, սակայն մերժում է ստացել: Վերջին անգամ դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ներկայացրել գյուղացիների դժգոհությունը:
«Խոստացել է, որ կօգնեն, երթուղային գիծը կաշխատի, բայց դեռ փոփոխություն չկա: Արմավիրի մարզպետարանը մրցույթ է հայտարարում, բայց բոլորն ասում են՝ հեռու համայնք է, ու ոչ մեկը հեռավորության պատճառով չի ցանկանում աշխատել: Հիմա ի՞նչ, մենք էլ ասենք՝ հեռու է, վտանգավոր, դժվար, ու գյուղում չմնա՞նք, չաշխատե՞նք»,- բարկանում է գյուղապետը՝ ավելացնելով, որ գրեթե ամեն օր գյուղացիներից լսում է դժգոհություններ՝ տրանսպորտի բացակայության հետ կապված:
Գյուղում տաքսի ծառայություն էլ չի գործում, իսկ եթե զանգես-պատվիրես այլ քաղաքների տաքսի սերվիսներից, ապա մինչև մարզկենտրոն տանելու համար 6000 դրամ են ուզում: «Գյուղացու ձեռքը 600 դրամ չկա, ուր մնաց՝ 6000 դրամ տաքսիին տան»,- ասում է Մարգարյանը՝ ավելացնելով, որ առավոտյան և ցերեկը գյուղում կտեսնեք բազմաթիվ բագարանցիների, ովքեր փողոցում կանգնած ժամերով ծանոթ-բարեկամի մեքենաների են սպասում, որպեսզի հասնեն Արմավիր: «Դե, բա ի՞նչ անեն: Հայկական սովորության համաձայն՝ սպասում են, որ ծանոթ մեկն անցնի, խցկվեն մեքենայի մեջ, տեղ հասնեն, մինչև տեսնենք՝ ե՞րբ է այդ հարցը կարգավորվելու»:
Արմավիրի մարզ