Արման Հակոբյան. Բացառվում էր, որ Վահե Ավետյանը նման ախտանիշների դեպքում դրական ելք ունենար

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն ասաց, որ իրենց միջև կա համաձայնություն, ցանականում է, որ պաշտպան Երեմ Սարգսյանը Միհրան Պողոսյանի հետ համատեղության կարգով իրականացնի իր շահերի պաշտպանությունը: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Դատարանում այժմ հարցաքննվեց բժիշկ Արման Հակոբյանը. վերջինս կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչն է. դատարան հրավիրվել է գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությամբ:

Արման Հակոբյանը հայտնեց, որ ճանաչում է Արտակ Բայադյանին, մյուս տուժողներին ճանաչել է դեպքից հետո, իսկ ամբաստայալներին չի ճանաչում:

«Ինձ համար անակնկալ էր, որ ես պետք է որպես վկա հարցաքննվեմ: Ես ինչ լսել եմ, լսել եմ Բայադյանից: Դեպքի մասին մանրամասներ չեմ կարող ասել»,- ասաց Արման Հակոբյանը: Ապա հավելեց, թե գիտի՝ գնացել են խնջույքի, Վահե Ավետյանը այնտեղ ծեծվել է, ինչի հետևանով մահացել է: Հետագայում, ըստ նրա՝ Արտակ Բայադյանն իրեն պատմել է, որ 20-25 հոգով ծեծի են ենթարկել իրենց:

Պատասխանելով գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին՝ վկան ասաց, որ երբ Վահե Ավետյանը տեղափոխվել է հոսպիտալ, ինքն այնտեղ չի եղել, հետո է կանչվել: Ըստ Ա. Հակոբյանի՝ նախնական վիճակով Վահե Ավետյանի մոտ ախտորոշվել է ենթասահմանային կոմա, բացակայել են բոլոր ռեֆլեքսները, գլխուղեղի կեղևի ֆունկցիան լիովին դադարեցված է եղել, եղել է գլխուղեղի կիսագնդի շեղում 4 սմ-ով:

Երբ Տիգրան Եգորյանը վկային բժշկական տերմինների մասին մի քանի հարցեր տվեց, գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը առարկեց՝ նշելով, որ ստացվում է՝ Արման Հակոբյանը հարցաքննվում է որպես մասնագետ:

Վկա Արման Հակոբյանն ասաց, որ իր կարծիքով՝ Վահե Ավետյանի մոտ առկա ախտանիշներով կարելի է ասել, որ վերջինիս մոտ գլխուղեղի մահ է արձանագրվել. ըստ նրա՝ դրա մասին վկայում էին կլինիկական և պարակլինիկական հետազոտությունների արդյունքները: Պատախանելով գործով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ Արման Հակոբյանն ասաց, որ Վահե Ավետյանի՝ կլինիկայում լինելու ողջ ընթացքում նրա առողջական վիճակը դեպի բացասականն է ընթացել: Նա ասաց, որ իր կարծիքով՝ բացառվում էր, որ Վահե Ավետյանը նման ախտանիշների դեպքում դրական ելք ունենար: «Հրազենից կարող էր ապաքինվել, սրանից՝ ոչ»,- ասաց վկա Արման Հակոբյանը՝ հավելելով, որ արտասահմանում նման հիվանդի «ապարատները պարզապես կանջատվեին»:

Երբ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Վահե Ավետյանը երկու անգամ վիրահատվել այն դեպքում, երբ բժիշկը դատարանում հայտնեց, որ իր կարծիքով՝ Վահե Ավետյանի ախտանիշների դեպքում դրական ելք չէր կարող լինել, նա պատասխանեց. «Հակառակ դեպքում ես կհայտնվեի Ձեր կողքին»: Այնուհետև հավելեց, թե որքան ինքը տեղյակ է՝ Հայաստանում կենսապահովման սարքերը անջատելու ընթացակարգ նախատեսված չէ:

Հաջորդ դատական նիստը հուլիսի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս